Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Տարոն Մարգարյանը հանդիպել է ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավարի հետ

Տարոն Մարգարյանը հանդիպել է ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» 
ընկերության ծրագրերի ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է քաղաքապետարանի հրավերով Երևանում գտնվող ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավար Վալերի Յաշինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է մայրաքաղաքում նոր ճոպանուղու կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին և ներկայացնելով Երևանի զարգացման ծրագրերի հիմնական ուղղություններն ու շեշտադրումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը կարևորում է զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչումը: Այս տեսանկյունից Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ Երևանում նոր ճոպանողու կառուցումը էական նշանակություն կունենա նաև հասարակական տրանսպորտի բարեփոխումների համատեքստում:

«Երևանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն է՝ զարգացնել զբոսաշրջային ենթակառուցվածքները, ինչն իր հերթին կնպաստի Երևանը՝ զբոսաշրջային կենտրոն դարձնելու գաղափարի կյանքի կոչմանը: Ճոպանուղու կառուցումն այս տեսանկյունից, վստա՛հ եմ, էականորեն կխթանի ոլորտի զարգացումը: Երևանի քաղաքապետարանն էլ պատրաստակամ է հնարավորին աջակցելու ներդրումային նմանօրինակ ծրագրերի իրականացմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:  

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Վալերի Յաշինն իր հերթին նշել է, որ ընկերության  կողմից աշխատանքներ են իրականացվել աշխարհի ավելի քան 2700 քաղաքներում: Նա նաև նկատել է, որ, հաշվի առնելով Երևանի ռելիեֆային պայմաններն ու տրանսպորտային հոսքերի հետզհետե աճով պայմանավորված խցանումները, նոր ճոպանուղու կառուցումը կարող է որոշակիորեն բեռնաթափել մայրաքաղաքի փողոցների երթևեկությունը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել ձևավորվելու համատեղ աշխատանքային խումբ, որը կիրականացնի մայրաքաղաքի ենթակառուցվածքների, ծրագրի իրագործման հնարավորությունների և տարբերակների մասնագիտական ուսումնասիրություն:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ