Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Իրաքյան Քրդստանի անկախացումը ձեռնտու է առաջին հերթին ԱՄՆ-ին

Իրաքյան Քրդստանի անկախացումը ձեռնտու է առաջին հերթին ԱՄՆ-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրաքյան Քրդստանի անկախացումը կմեծացնի  ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրք-քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: 

«Իրաքյան Քրդստանում գտնվում են ԱՄՆ-ի 5 ռազմաբազա, ընդ որում, մեկ ռազմաբազա գտնվում է Թուրքիայի սահմանից 50 կմ հեռավորությամբ: Հայտնի է դարձել նաև այն, որ ԱՄՆ-ի սենատը հավանության է տվել Քրդստանի ռազմական միավորմանը 300 միլիոն դոլար փոխանցելու վերաբերյալ միջնորդությանը: Չնայած, ԱՄՆ-ն դեմ է հանդես եկել հանրաքվեին, սակայն իր քայլերով ցույց է տալիս, որ  կողմ է Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացմանը»,- ասաց փորձագետը:

Նրա խոսքով` Իրաքյան Քրդստանի անկախացումից հետո ԱՄՆ-ն կապահովի իր ներկայությունը տարածաշրջանում՝ զսպաշապիկ հագցնելով Թուրքիային և Իրանին:

Փորձագետը նշեց, թե սեպտեմբերի 22-ին Թուրքիայում հրավիրված ազգային անվտանգության խորհրդի նիստում  որոշվել է, որ միջազգային մի շարք կոնվենցիաների հիման վրա Թուրքիային իրավունք է վերապահվում Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի կայացման դեպքում ռազմական գործողություններ սկսել այդ տարածաշրջանում:

«Ի հակադրություն այս որոշման՝ Բաղդադում գտնվող Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը կազմակերպող խորհուրդը վերադարձել է Էրբիլ, որից հետո Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Իրաքի և Քրդստանի միջև բանակցությունները ավարտված են, և եթե բանակցելու որևէ շարժառիթ լինի, ապա այն կլինի միայն Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից հետո»,- ասաց նշեց փորձագետը:

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվե կազմակերպելու մասին լուրեր տարածվեցին դեռևս ընթացիկ տարվա մարտ ամսին: Այդ ժամանակ Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը խզեց կապերը պաշտոնական Էրբիլի հետ: Իսկ արդեն հունիսի 7-ին, երբ Մասուդ Բարզանին պաշտոնապես հայտարարեց Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի մասին, Էրդողանը նրան թշնամի անվանեց:

«Բանակցող կողմերը` տվյալ դեպքում Իրաքը և Քրդստանը, երբեք անկախության հանրաքվեի չկայացման խնդիր չեն դրել, հարց է եղել հետաձգման հետ կապված: Իսկ անկախության հանրաքվեի չկայացման խնդիր դրել է Թուրքիան: Հանրաքվեն միանշանակ կայանալու է, սակայն միջազգային կառույցները անկախության հռչակագրի տարածման ժամկետների հետ կապված հարցը թողել են անորոշ: Տեղեկություններ կան, որ Քրդստանի անկախության հռչակագրումը և հռչակագրի տարածումը կլինի 2018 թվականի մարտի 21-ին Նովրուզի տոնակատարության կապակցությամբ»,- նշեց փորձագետը:

Խոսելով պատերազմի վտանգի մասին՝ փորձագետը նշեց, որ ներկայումս այն հրահրում է միայն Թուրքիան:

«Թուրքիայի կողմից հարձակման վտանգը կա, և այստեղ նա ունի Քրդստանի վրա հարձակվելու երկու ճակատ` մեկը Քրդստանի տարածքից, մյուսը Իրաքի տարածքից դեպի Քիրքուկ նահանգ:

Այնպիսի տպավորություն է, որ Իրաքյան Քրդստանը ոչ թե Իրաքից է անկախանում, այլ Թուրքիայից: Ամենաշատն անհանգստացած է Թուրքիան և ողջ սահմանի երկայնքով շարել է իր զինտեխնիկան»,- նշեց փորձագետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am