Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 22.09.2017

Սպասվող լրահոս. 22.09.2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

«Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնները կմիաձուլվեն վերակազմակերպվելու նպատակով: Արդյունքում, նախատեսված է ստեղծել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Այս հարցը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի, նիստի օրակարգում:

Կառավարության գործունեության մեկ տարին լրանալու կապակցությամբ գերատեսչությունները հանդես են գալիս հաշվետու մամուլի ասուլիսով: Այսօր հրավիրված է ասուլիս ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի մասնակցությամբ: Նա ներկայացնելու է ավիացիայի ոլորտում մեկ տարվա ընթացքում իրականացրած աշխատանքների արդյունքները: Լրագրողների հետ կհանդիպի նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ով կներկայացնի մեկ տարվա իրականացրած աշխատանքը:

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում սոցիալական փաթեթի հետ կապված նոր փոփոխությունները: Շուտով սոցփաթեթի շահառուները հնարավորություն կունենան անհրաժեշտ բժշկական ծառայություններն առանց հերթագրումների եւ խոչընդոտների ստանալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված բժշկական հաստատությունների ցանկից ընտրված կազմակերպությունում։ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանն, այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը, մանրամասներ կներկայացնի սպասվող փոփոխությունների մասին:

«Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում կկայանա իրանական ապրանքների և ծառայությունների էքսպո-ցուցահանդես, որին կմասնակցեն տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող ավելի քան 40 իրանական ընկերություններ:

«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնի շրջանակում կանցկացվի գործարար-տնտեսական համաժողով: Նախատեսված են զեկույցներ, քննարկումներ Հայաստանի պետական այրերի, ՀՀ-ում գործող արտակարգ և լիազոր դեսպանների, արտերկրից ժամանած գործարարների կողմից: Համաժողովին ներկա կլինի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը նշում է իր հիմնադրման 20-ամյակը։ Այսօր նախատեսված միջոցառմանը կներկայացվի կենտրոնի անցած ուղին, ձեռբերումներն ու հաջողությունները: Ներկա կլինեն Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և այլք:

Եվս մեկ հոբելյանի մասին: «Հովեր» պետական կամերային երգչախմուբը նշում է իր ստեղծման 25-ամյակը: Սեպտեմբերի 25-ին Օպերային թատրոնում նախատեսված է հոբելյանական համերգ: «Հովեր» երգչախմբի երգիչները, գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, երգչախմբի մենեջեր Արման Պադարյանը կներկայացնեն մանրամասներ սպասվող համերգային ծրագրի մասին։

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պրեմիերա է: Հանդիսատեսին կներկայացվի «Մեր խոստումը» երաժշտական ներկայացումը՝ ոգեշնչված «Խոստումը» ֆիլմից: Երեկոյի պատվավոր հյուրերն են «Խոստումը» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am