Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայկական առևտրային ցանցը գործարար համաժողով և տարեկան ժողով կգումարի Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում

Հայկական առևտրային ցանցը գործարար համաժողով և տարեկան ժողով կգումարի 
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ կազմակերպվելու են Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) գործարար համաժողովը և տարեկան ժողովը: Մասնակցելու են Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ պաշտոնատար այրեր, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից:

Ֆորումի առաջին նիստին (Սեպտեմբերի 19-ին ժամը 11:45-13:45) քննարկման թեման լինելու է «Սփյուռքի գործարարության պրոֆեսիոնալ ցանցերի ներուժը», որը կմեկնարկի Ռումինիայի ֆինանսների նախկին նախարար և ներկայիս սենատոր Վարուժան Ոսկանյանի «Միջազգային ցանցերի նշանակալի դերակատարությունը» ելույթով:

Երկրորդ նիստը (ժամը 15:15-17:15ին) կանդրադառնա Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցության խթանման խնդիրներին՝ տեղական ներդրումային միջավայրի, սիրիահայ գործարարների փորձի, Արցախի տնտեսության և ՏՏ ոլորտին առնչվող հարցերին:

Սեպտեմբերի 20-ին ժամը 14:00-15:30-ին Համալիրում կկայանա ՀԱՑ-ի գլխավոր վեհաժողովը:

Նույն օրը՝ սեպտեմբերի 20-ին ժամը 18:00-20:00-ին Երևանի Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում գտնվող «ՍԱԼՈՆ» ռեստորանում տեղի կունենա Հայ Առևտրային Ցանցի երրորդ մրցանակաբաշխության արարողությունը: «Տարվա բիզնես անհատականություն-2017» մրցանակը տրվելու է «Վիվասել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, «Համաշխարհային գլոբալ նվաճում» մրցանակը շնորհվելու է Շարժայի բանկի գործադիր տնօրեն Վարուժան Ներգիզյանին, «Հայաստանի բիզնես գերազանցություն» մրցանակը կստանա «Ապավեն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը, իսկ «Հայաստանի ներդրող» նրցանակը՝ «Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲԸ-ի հիմնադիր Թոնի Մորոյանը:

ՀԱՑ-ը հիմնադրվել է 2011 թ. ապրիլին Երևանում կայացած անդրանիկ նիստի ժամանակ: Այն նպատակ ունի աջակցել համաշխարհային հայ գործարար համայնքի կապերի հաստատմանը և ամրապնդմանը՝ ստեղծելով նոր հարթակ ամբողջ աշխարհումմ գործող հայկական առևտրային գործարար կազմակերպությունների, երկկողմ պալատների համար գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով: ՀԱՑ-ի կազմում կան 14 բիզնես կազմակերպություն Հայաստանից և Սփյուռքից: ՀԱՑ-ի միջոցառումները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am