Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Յոթանասուն տնտեսավարողի արդեն իսկ վերադարձվել է 812 մլն դրամ      

Յոթանասուն տնտեսավարողի արդեն իսկ վերադարձվել է 812 մլն դրամ

 

 

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշվին մուտքագրման պարզեցված կարգը լրացուցիչ խթան է տնտեսավարողների ներդրումային ակտիվության բարձրացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ներկայացնելով զրոյական դրույքաչափով  հարկվող գործարքների գծող ավելացված արժեքի հարկի փոխհատուցման ընթացակարգը, նման դիտարկում արեց Պետական եկամուտների կոմիտեի ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանը:

Ընթացիկ տարվա ապրիլի 13-ից ներդրված ընթացակարգի չափորոշիչների համաձայն՝ մինչեւ 20 մլն դրամ հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումն ու վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի ուսումնասիրության կամ ստուգման ընդամենը 4 աշխատանքային  օրվա ընթացքում:

«2017 թվականի ապրիլի 13-ից  մինչեւ օգոստոսի 31-ը 70 տնտեսավարողի արդեն իսկ վերադարձվել է 812 մլն դրամ, այդ թվում՝ պարզեցված ընթացակարգով 11 տնտեսավարողի՝ 137,3 մլն դրամ ավելացված արժեքի հարկի գումար»,- ասաց նա:

Տիգրան Կիրակոսյանը տեղեկացրեց, որ մինչեւ 2018 թվականի ավարտը գործարկվելու է մեկ միասնական գանձապետական հաշվի համակարգը, ինչի արդյունքում էականորեն փոփոխվելու է  «հաշվանցում» ընթացակարգը:

«Կբարձրանա հարկային մարմինների աշխատանքի արդյունավետությունը, նվազագույնի  կհասցվեն միասնական հաշվին գումարների մուտքագրման եւ միասնական հաշվից դրանց վերադարձման գործընթացի աշխատատարությունը եւ հարկ վճարողների կողմից օրենքով  սահմանվածից ավելի վճարված գումարների վերադարձման ժամկետները»,-նշեց Տիգրան Կիրակոսյանը:

ՊԵԿ ներկայացուցչի խոսքով՝ 2017 թվականի 8 ամսվա ընթացքում 133 տնտեսավարողի վերադարձվել է ավելի քան 37,1 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ, մինչդեռ նախորդ տարի այս թիվը կազմում էր 78 կազմակերպության համար՝ 28,8 մլրդ դրամ:

«Ցուցանիշը պայմանավորված է արտահանմամբ զբաղվող տնտեսավարողների թվի աճով: Իսկ 2016 թվականի սեպտեմբերից մինչեւ 2017 օգոստոս ամիսներին 175 հարկ վճարողի վերադարձվել է  ավելի քան 56,4 մլրդ դրամ»,-ասաց նա:

ԱԱՀ-ի ստացման 180-օրյա ժամանակահատվածը կրճատելու ուղղությամբ տարեսկզբից իրականացված աշխատանքների շնորհիվ այժմ ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է 90-օրյա ժամկետում:

«Զգալի չափով ավելացել է նաեւ օտարերկրյա քաղաքացիների կողմից  ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ-ի վերադարձի գումարը: Ընդհանուր առմամբ, 2016 թ. սեպտեմբեր-2017 թ. օգոստոս ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից օտարերկրյա քաղաքացիների վերադարձված ընդհանուր գումարը կազմել է 585,9 մլն դրամ»,-նշեց Տիգրան Կիրակոսյանը:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am