Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռումինիայի Գեորգեն քաղաքում անցկացվել է Գեորգենի հայկական արվեստի 7-րդ փառատոնը

Ռումինիայի Գեորգեն քաղաքում անցկացվել է Գեորգենի հայկական արվեստի 7-րդ 
փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում սեպտեմբերի 8-ից 10-ը անցկացվեց Գեորգենի հայկական արվեստի 7-րդ փառատոնը: Փառատոնի պատվավոր հյուրերի թվում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և Գեորգենի հետ եղբայրացած Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Փառատոնի եռօրյա ծրագրի մեջ ընդգրկված էին տեղի հայկական ժողովրդական ստեղծագործություններ, Գեորգենի Հայ կաթոլիկ եկեղեցու երգչախմբի և Գեռլա/Արմենոպոլիսի «Հայաքաղաք» պարախմբի կատարմամբ հայկական հոգևոր երգեր և ժողովրդական պարեր, ուղևորություն դեպի Գեորգենի մերձակա Չոբոտ լեռան Հայկական մատուռ, ինչպես նաև Բուդապեշտի «Ուրարտու» թատերախմբի կատարմամբ «Ազնավուր» և «Մուսա Լեռ» մյուզիքլները:

Այս տարի Գեորգենի Հայկական Արվեստի փառատոնը մասն էր կազմում Հարգիտայի Փոքրամասնությունների գեղարվեստական փառատոնի, որտեղ ներկայացված էին հունգարական, հայկական, հրեական, գերմանական, գնչուական և հունական ազգային փոքրամասնությունների պարեր և երգեր:

Փառատոնի այս տարվա թողարկումը նվիրված էր Գեորգենում հայերի հաստատման 380-ամյակին: Ի հիշատակ այդ պատմական տարեթվի՝ սեպտեմբերի 8-ին Հայ կաթոլիկ եկեղեցուն հարակից տարածքում տեղադրվեց Հայկական խաչքար, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին հայկական պատվիրակությունը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և հյուրեր Հունգարիայի հայոց համայնքից: Նույն օրը հանդիսավոր պայմաններում բացվեց Գեորգենի Հայ համայնքի տունը: Այս միջոցառումներին ողջույնի խոսքերով ելույթներ ունեցան մարզպետ Նալբանդյանը և դեսպան Գասպարյանը:

Հանդիսավոր մեկ այլ արարողություն տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին, երբ Գեորգենում բացվեց և Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական կառավարիչ արքեպս. Գիորգի Յակուբինիի ձեռամբ օծվեց Մխիթարյան միաբանության աբբահայր Ստեփանոս Ակոնց-Կյովերին (1740-1824թթ.) նվիրված հուշատախտակը: Աբբահայր Ստեփանոս Ակոնցի և Մխիթարյան միաբանության մասին ելույթներ ունեցան Թըրգու Մուրեշի հունգարահայոց միության նախագահ դոկտ. Աթիլա Պուշկաշը, դեսպան Համլետ Գասպարյանը, Գեորգենի քաղաքապետ Զոլտան Նագին: 
Հայկական պատվիրակության այցի օրերին համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ Լոռու մարզիև Հարգիտա նահանգի միջև:

Հայկական պատվիրակությունը սեպտեմբերի 8-10-ը նահանգի վարչական կենտրոն Միերկուրեա-Չուկում, Օդորհեյու-Սեկույեսկ քաղաքում և Գեորգենում հանդիպումներ ունեցավ նաև Հարգիտայի գործարար շրջանակների հետ, որին մասնակցում էին հիսունից ավելի տեղական ընկերությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Պատվիրակությունը շրջայց կատարեց նաև նահանգի արտադրական ձեռնարկություններ, կրթական հաստատություններ և տուրիստական վայրեր:

Տեղական հեռուստատեսությունը և մամուլը լայնորեն անդրադարձան հայկական պատվիրակության այցինևմշակութային իրադարձություններին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am