Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանն ու Ինդոնեզիան կամրապնդեն համագործակցությունը տարբեր ոլորտներում

Հայաստանն ու Ինդոնեզիան կամրապնդեն համագործակցությունը տարբեր 
ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն օգոստոսի 31 ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակության անդամներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Ինդոնեզիա բարեկամական խմբի անդամներ Արման  Սաղաթելյանը, Միհրան Հակոբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Անդրանիկ Կարապետյանը և Ինդոնեզիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Երվանդ Ոսկանյանը:

 Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Միքայել Մելքումյանը կարևորել է պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ փոխայցերը կնպաստեն հայ-ինդոնեզական հարաբերությունների հետագա զարգացմանը: Մելքումյանը կարևորել է համագործակցությունը զբոսաշրջության, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում և հույս հայտնել, որ համագործակցությունը երկու երկրների միջև կթևակոխի նոր փուլ: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ այն առանցքային հարց է մեր երկրի համար, և խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Միքայել Մելքումյանը կարևորել է միջազգային կառույցներում երկու երկրների փոխգործակցությունը և նշել, որ Հայաստանը պետք է պաշտպանի իր ազգային պետական շահը՝ առանց այլ երկրների շահերին դիպչելու: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կարևորել է նաև Ինդոնեզիայի խորհրդարանում Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամական խմբի ստեղծումը, որը հնարավորություն կտա զարգացնելու խորհրդարանական դիվանագիտությունը և փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում:

 Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Ֆադլի Զոնը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ներկայացրել Ինդոնեզիայի խորհրդարանի կառուցվածքը և գործունեության ոլորտները՝ տեղեկացնելով, որ իր երկրում առաջիկայում միմյանց զուգահեռ տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Ֆադլի Զոնը, նշելով, որ այս տարի լրանում է Ինդոնեզիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, անհրաժեշտ է համարել տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդումը:  Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կավելանան այցելությունները Հայաստան, ինչը խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար: Ֆադլի Զոնը հույս է հայտնել, որ առաջիկայում ինչպես երկու երկրների, այնպես էլ խորհրդարանների միջև հարաբերություններն առավել կամրապնդվեն և կզարգանան՝ կարևորելով նաև միջազգային տարբեր կազմակերպություններում Հայաստանի և Ինդոնեզիայի փոխշահավետ համագործակցությունը: Մտքերի փոխանակության ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորները, կարևորելով ինդոնեզական խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչն էլ իր հերթին խթան կհանդիսանա հարաբերությունների առավել սերտացման ու զարգացման համար:

 Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Ազգային ժողովում, լուսանկարվել ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում: Պատվիրակության անդամները Միքայել Մելքումյանի ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Այնուհետև հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և ծանոթացել ցուցանմուշներին: Ֆադլի Զոնը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am