Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վաչե Գաբրիելյանը հյուրընկալվել է ՀՊՏՀ «Ուսանողական ամառ 2017» մարզամշակութային փառատոնի մասնակիցներին

Վաչե Գաբրիելյանը հյուրընկալվել է ՀՊՏՀ «Ուսանողական ամառ  2017» մարզամշակութային փառատոնի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Դիլիջանի մարզաառողջարանային համալիրում անցկացվող «Ուսանողական ամառ  2017» մարզամշակութային փառատոնին օգոստոսի 18-ին հյուրընկալվել է ՀՀ փոխվարչապետ, ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակյնության հետ կապերի ծառայությունից, օգոստոսի 13-ից անցկացվող «Ուսանողական ամառ  2017» մարզամշակութային փառատոնի  շրջանակներում 120 երիտասարդներ իրենց ուժերն են փորձել շուրջ 16 մրցաձևերում: 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և բուհի ուսանողական խորհրդի կողմից անցկացվող փառատոնի մարզական և մշակութային մրցույթների արդյունքներով հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը: 

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը տեղեկացրել է՝ արդեն չորրորդ տարին իրականացվող փառատոնի նորամուծությունն այն է, որ մասնակցում է նաև ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ջոկատը:

Փառատոնի փակման օրը երիտասարդներին այցելության էին եկել նաև  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Սերգեյ Խառատյանը: Ճամբարականները պատվավոր հյուրերին դիմավորել են հայկական տոնական շուրջպարով՝ ներկայանալով գեղեցիկ ավանդույթի վերածված և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի գրեթե բոլոր միջոցառումներից անպակաս դարձած «Բերդ»-ով: 

Հյուրերը մասնակցել են տոնական ընթրիքի: Երեկոն շարունակվել է  տոնական խարույկի շուրջ՝ կիթառի հնչյունների նվագակցությամբ: Երիտասարդները հարցեր են  հղել փոխվարչապետին: Այն հարցին, թե ինչ նոր նախագծեր և բարեփոխումներ է պատրաստվում իրականացնել փոխվարչապետը Տնտեսագիտական համալսարանում, Վաչե Գաբրիելյանը պատասխանել է. «Նոր ծրագրեր, իհարկե, սպասվում են, բայց առանցքային դերում, բնականաբար, լինելու է բուհում կրթության մակարդակի բարձրացումը և միջազգային առաջատար համալասարանների օրինակը տեղայնացնելով՝ ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստումը»: 

Կարեն Ավագյանը փաստել է, որ այս տարի հիմնադրամի աջակցությամբ հավաքների, ճամբարների ձևաչափով աննախադեպ թվով միջոցառումներ են իրականացվել. «ՃՇՀԱՀ-ը ԵՊՀ-ն և ՀՊՏՀ-ն իրենց հավաքները սկզբում անցկացրել են Արցախում՝ զորամասերում, Արցախի երիտասարդության հետ, այնուհետև նաև ՀՀ-ում՝ բուհական մարզաառողջարանային համալիրներում: Ունեցել ենք նաև միջազգային ճամբարներ. Մանկավարժական համալսարանն իրականացնում է միջազգային ծրագիր, որին մասնակցում են տարբեր եվրոպական երկրներից երիտասարդներ: Այս ծրագրերի նպատակն է ստեղծել հարթակ ակտիվ, բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով երիտասարդության համար: Արդյունքում հնարավորություն է ընձեռվում առանձնացնել շնորհալի մարդկանց խումբ, որոնք էլ մեծ պատասխանատվություն են կրում տարբեր ուսանողական, երիտասարդական, մշակութային, սպորտային ծրագրեր իրականացնելու համար»: 

Կարեն Ավագյանը հավելել է` բոլոր այս միջոցառումների ամփոփումն, ըստ էության, «Բազե» համահայկական երիտասարդական հավաքն է. այսպիսով «Բազեի» մասնակիցներն անցնում են ևս մեկ նախընտրական փորձնական փուլ, քանի որ «Բազեում» մի քիչ մոտեցումներն այլ են` ավելի մասնագիտական ու պահանջկոտ, իսկ բուհերը ցանկություն ունեն հաղթանակած դուրս գալ ճամբարից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am