Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շուշիում սեպտեմբերին տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան

Շուշիում սեպտեմբերին տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» 
հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում 2017թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20:30-ին, տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումը նվիրվում է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25-ամյակին և Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին:

Նախագծի հեղինակը և գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է, դիրիժորը` Սուրեն Շահիջանյանը /Ֆրանսիա:

«Սասունցի Դավիթ» օպերան Հարո Ստեփանյանը գրել է 1936թ: Լիբրետոն գրել է Դերենիկ Դեմիրճյանը ըստ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական էպոսի: «Սասունցի Դավիթ» հերոսական օպերան` իր ինքնատիպ վիպապատմողական երաժշտական լեզվով և ազգային ոգով, հայկական օպերային արվեստի զարգացման նշանակալից փուլ է նշանավորում: Արցախում «Սասունցի Դավիթ» օպերայի անդրանիկ ներկայացումը մշակութային կարևորագույն իրադարձություն է: 

Կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը ծնվել է 1897 թ. Ելիզավետպոլում /այժմ՝ Գանձակ: Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին: 1919 թ. մեկ տարի սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում Ա. Տեր-Ղևենդյանի դասարանում, իսկ 1923 թ. ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան Միխայիլ Գնեսինի ստեղծագործական դասարան, այնուհետ սովորել է Լելինգրադի կոնսերվատորիայում Վ. Շչերբակովի ստեղծագործական դասարանում։ 1927-1929 թթ. ամռանը Ստեփանյանը մասնակցել է Քրիստաֆոր Քուշնարյանի կազմակերպած ժողովրդական երաժշտության հավաքման արշավին։ Հայաստանի տարբեր շրջաններում, հատկապես Շիրակում, նրանք գրի են առել 350-ից ավելի հայկական և քրդական մեղեդիներ։ 1930 թվականից մշտական բնակություն է հաստատել Երևանում։ Հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ։ 1930-1934 թթ. ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը, 1938-1947 թթ. Հայաստանի կոմպոզիտորների միությունը: 1938 թ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1960թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am