«Երևանյան ամառ 2017». Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթը նվաճել է Նուբարաշենի hեծանվավազքի թիմը
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով շարունակվող համաքաղաքային բակային մրցաշարի 8 մարզաձևերից 5-րդը հեծանվավազքն էր: Այս մարզաձևում վարչական շրջանների թիմերը, կանոնակարգի համաձայն, ներկայացել էին տեղերում լավագույն արդյունքներ գրանցած երեքական հեծանվորդներով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Երևանյան անիվ» անունը կրող հեծանվավազքի մրցաշարում միավորների զգալի առավելությամբ հաղթող է ճանաչվել Նուբարաշեն վարչական շրջանի հեծանվորդների եռյակը, երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Աջափնյակի, իսկ երրորդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատանի հեծանվորդների եռյակը: Պատվավոր երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:
Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2017թ. բակային մրցաշարում դեռևս չեն կայացել շախմատի, շաշկու և թեթև ատլետիկայի մրցումները: Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ մրցաշարում թիմային ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանն էլ կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում