Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Ապրիլ

Իսրայելցի նախարար Ցախի Հանեգբին հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով հուլիսի 25-ին Հայաստան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանց ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը, Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը, Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիյահու Յերուշալմին՝ կնոջ հետ, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Նրանք ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, ապա շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացան 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը փաստող ցուցանմուշներին:

Ցախի Հանեգբին նշեց, որ տպավորված է հուշահամալիրով, որն, ըստ նրա, կհուզի յուրաքանչյուրին:

«Իսրայելը միշտ կարեկցել է հայ ժողովրդին, քանի որ եւ հայերը, եւ հրեաները վերապրել են այս ողբերգությունը իրենց պատմության մեջ: Հարցը մի քանի անգամ քննարկվել է Իսրայելի խորհրդարանում,  մշտապես նշվել է  նախագահի կողմից, եւ մենք այն միշտ պահելու ենք  մեր սրտում եւ հոգում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց իսրայելցի նախարարը, ով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում կատարեց հետեւյալ գրառումը.

«Այցելելով այս թանգարան՝ յուրաքանչյուր ոք հանգում է երկու եզրակացության՝ այլեւս երբեք թույլ չտալ նման սարսափելի գործողություններ եւ երբեք չմոռանալ ողբերգությունը, այն մշտապես կենդանի պահել մարդկանց գիտակցության եւ հիշողության մեջ»,-գրել է իսրայելցի նախարարը: 

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի



Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ