Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ինքնուս իլյուզիոնիստը դուրս է եկել միջազգային ասպարեզ. Նահապետ Արշակյանը մասնակցեց Ենգիբարյանի անվ. մնջախաղի միջազգային փառատոնի բացմանը

Ինքնուս իլյուզիոնիստը դուրս է եկել միջազգային ասպարեզ. Նահապետ Արշակյանը մասնակցեց Ենգիբարյանի անվ. մնջախաղի միջազգային փառատոնի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի իլյուզիոնիստների ասոցիացիայի անդամ, երիտասարդ և խոստումնալից իլյուզիոնիստ Նահապետ Արշակյանը Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի բացմանը գունավոր անձրևանոցներով զվարճալի հնարքներ ներկայացրեց: Նա շատ դիտարժան և տպավորիչ համար ցուցադրեց, որը բարձր տրամադրություն հաղորդեց ներկաներին: Փառատոնին մասնակցության և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Նահապետի հետ:

«Ծնողներս շատ բան են արել, որպեսզի ես անմիջական կապ ունենամ արվեստի հետ: Դեռ փոքր հասակում քանդակագործության դասերի էի գնում ու սիրում այն, բայց հետագայում ծրագրավորմամբ սկսեցի զբաղվել, սակայն արվեստի հանդեպ հետաքրքրությունս չկորավ»,-ասաց իլյուզիոնիստը:

Նրա խոսքով՝ հեռուստատեսությամբ զարմանալի հնարքներ ներկայացնող մի իլյուզիոնիստի ելույթը տեսնելով՝ փորձել  է կրկնել նույնը: «Ինձ մոտ շատ հեշտ և արագ ստացվեց, և ես մեծ ոգևորություն ապրեցի: 2012 թվականից սկսեցի լուրջ  հետաքրքրվել իլյուզիոն աշխարհով: Հետագայում մշակեցի իմ սեփական հնարքներն ու փորձեցի իրականացնել դրանք»,- նշեց Արշակյանը:

Չնայած Նահապետն ինքնուս է՝ կարողացել է հաջողությունների հասնել:  Վերջերս նա դարձավ ՌԴ իլյուզիոնիստների ասոցիացիայի անդամ, ինչը նրան հնարավորություն կտա մասնակցել տարբեր հեղինակավոր փառատոների և ներկայանալ հանրության ավելի լայն շրջանակին:  Ներկայումս համագործակցում է Murphy's Magic, SansMinds համաշխարհային պորտալների հետ, և Նահապետի հեղինակային հնարքներից մի քանիսը կընդգրկվեն այդ պորտալներում:

«Աշխատում եմ նաև FISM-ի՝ իլյուզիոնիստների միջազգային ասոցիացիայի հետ, որը մի քանի տարին մեկ մեծ մասշտաբներով մրցույթներ է կազմակերպում՝ համագործակցելով «Masters of Magic»  միջազգային կառույցի հետ: Կարծում եմ՝ FISM-ում ելույթներ ունենալը բոլոր իլյուզիոնիստների բաղձալի ցանկություններից մեկն է»,- շեշտեց Նահապետն ու հավելեց, որ մեծ սիրով ու հպարտությամբ է հանդես գալիս Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնին, որտեղ իր սիրված համարներից մեկը ներկայացնելու հնարավորություն ունի:

Նա ընդգծեց, որ փառատոնի ավարտից հետո ավելի հաճախ է մասնակցելու նման միջոցառումներին ու  փորձելու է Հայաստանում զարգացնել իլյուզիոն արվեստը, որը շատ հետաքրքիր է, զվարճալի ու  գեղեցիկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am