Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Րաֆֆու «Սամվել»-ն ու Ղազարոս Աղայանի հեքիաթներն աուդիոտարբերակով արդեն հասանելի են տեսողական խնդիրներ ունեցողներին

Րաֆֆու «Սամվել»-ն ու Ղազարոս Աղայանի հեքիաթներն աուդիոտարբերակով արդեն հասանելի են տեսողական խնդիրներ ունեցողներին

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Րաֆֆու «Սամվել»-ն ու Ղազարոս Աղայանի հեքիաթները աուդիոտարբերակով արդեն հասանելի են տեսողական խնդիրներ ունեցողներին: Աուդիոգրքերը պատրաստվել են «Հրաշք բոլորի համար» ծրագրի շրջանակում: Այս մասին հուլիսի 14-ին կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրին նախաձեռնության հեղինակները: Ծրագիրն իրականացվում է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Խաղաղության կորպուսի կամավոր Թոնգ Դոյի նախաձեռնությամբ և “Friends of Armenia” բարեգործական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:
«Հրաշք բոլորի համար» ծրագրի նպատակն է նպաստել ներառականության և հավասար հնարավորությունների ստեղծմանը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև ստեղծել մատչելի ձևաչափով աուդիոգրքեր կույր և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի ծրագրերի բաԺնի ղեկավար Գայանե Գրիգորյանը: Մինչ ծրագրի իրականացումը կատարվել է կարիքի գնահատում՝ այցելություն կազմակերպելով «Գյումրու կույրերի միավորում» կազմակերպություն ու ծանոթանալով խնդիրներին: Աուդիոտարբերակով պատմավեպ ունենալու առաջարկը հենց տեսողական խնդիրներ ունեցող անձիք են հայտնել: Ընտրությունն էլ կանգ է առել Րաֆֆու «Սամվել» վեպի վրա: Ապա որոշում է ընդունվել նաև աուդիոգիրք պատրաստել երեխաների համար:
Աուդիոգրքերը բազմացվել են 200 օրինակով՝ Բրայլի գրատիպով: Դրանք բաժանվելու են կույր և տեսողական խնդիրներ ունեցող անձանց, «Ագաթ» ՀԿ-ի շահառուներին, հաշմանդամների կազմակերպություններին, ներառական դպրոցներին, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք»-ի անդամ կազմակերպություններին, «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ կազմակերպություններին: Աուդիոգրքերը նաև կտեղադրվեն «Ագաթ» ՀԿ վեբկայքում, որից կկարողանան օգտվել բոլոր շահագրգիռ անձինք:
«Հրաշք բոլորի համար» ծրագրի միջոցով ցանկանում ենք անդրադառնալ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ողջ Հայաստանում համապատասխան ձևաչափով գրականության սղությանը: Մեր նպատակն է աուդիո տարբերակով հանրությանը ներկայացնել առավել հայտնի հայկական գրքեր, որոնցից կարող են օգտվել ինչպես տեսողական խնդիրներ ունեցող և կույր անձինք, այնպես էլ հասարակության լայն շերտերի ներկայացուցիչները՝ այդ թվում տարեցներն ու երեխաները»,- հավելեց Գայանե Գրիգորյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am