Մասնագետներին նույնպես մտահոգում են հայկական հեռուստաալիքներով ցուցադրվող անորակ սերիալներն ու հաղորդումները
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական հեռուստաընկերություններով ցուցադրվող անորակ սերիալները և հաղորդումները մտահոգիչ են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի համար, սակայն բովանդակային հեռուստածրագրերի խմբագրային քաղաքականության համակարգումը հանձնաժողովի տիրույթում չէ: Ազգային ժողովում «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկման ժամանակ այս մասին ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցին:
«Որպես քաղաքացի և որպես հայր՝ ես էլ եմ մտահոգ այդ խնդրով: Հույս ունեմ, որ մեր հեռուստաընկերությունների ղեկավարները մեզ լսում են և հետևություններ կանեն: Մի բան իմ կողմից կցանկանայի ասել, որ ամեն դեպքում վարկանիշը չի կարող չազդել այս ոլորտի վրա, որովհետև սա առաջին հերթին պետք է դիտարկել որպես բիզնես ոլորտ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Բունիաթյանը:
Արձագանքելով ՀՌԱՀ նախագահի պատասխանին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ կարելի է ունենալ միաժամանակ և՛ վարկանիշային, և՛ որակյալ հաղորդումներ: «Այնպես չէ, որ վարկանիշի համար պետք է ոչ կիրթ հաղորդումներ ունենանք: Կարելի է և՛ վարկանիշ ապահովել, և՛ որակյալ հաղորդումներ ունենալ: Մենք դրա օրինակներն ունենք: Մենք մեր ենթագիտակցության մեջ մտցրել ենք, որ վարկանիշային հաղորդումներն անպայման պետք է անորակ լինեն, բայց այդպես չէ: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք լուծել այս խնդիրը»,- ասաց Շարմազանովը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում