Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Պրոֆեսիոնալ բռնցքամարտն ավելի շատ հոգեբանություն է. Արամ Ավագյան


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի հայկական դպրոցը եղել և մնում է լավագույններից մեկը: Լինելով հենակետային մարզաձևերից մեկը՝ հայկական բռնցքամարտը միշտ էլ մրցունակ է եղել միջազգային ասպարեզներում: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արամ Ավագյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցներից մեկն է, ով վերջնականապես թողեց սիրողական բռնցքամարտը և տեղափոխվեց պրոֆեսիոնալ ռինգ: Ավագյանն արդեն 3 անընդմեջ հաղթանակն է նշել պրոֆեսիոնալ ռինգում: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայ բռնցքամարտիկը խոսքեց իր` պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու, ունեցած մենամարտերի, առաջիկա պլանների և բռնցքամարտի «էության» մասին:

-Արամ, կպատմե՞ք, թե ինչպես և երբ եք սկսել մարզվել բռնցքամարտով:

-Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել10 տարեկանից: Ֆիզիկապես շատ թույլ երեխա էի և բռնցքամարտով զբաղվելու հիմնական շարժառիթը ինքնապաշտպանվելն էր, ինչպես նաև մարզական դաստիարակություն ստանալը: Հայրս էլ նախկինում բռնցքամարտիկ է եղել: Ի սկզբանե չէի սիրում բռնցքամարտը: Երեք ամիս էլ չէր անցել, երբ ցանկություն ունեցա դուրս գալ: Շատ լավ հիշում եմ, դեռ 8 ամիս էր, ինչ մարզվում էի, մեծ փորձ չունեի և առաջին մրցաշարում հաղթեցի: Եվ հենց դրանից էլ սկսվեց մարզաձևի նկատմամբ սերը և հետաքրքրությունը:

-Ինչպիսի՞ն էր ընտանիքի անդամների արձագանքը:

-Բնական կլիներ, որ մայրս դեմ լիներ, սակայն կցանկանայի նշել, որ նա է ինձ տարել մարզումների: Միայն արդեն 14 տարեկանից հետո չէի ցանկանում, որ գան. շատ ծանր էին տանում մենամարտի ամեն դրվագ:

-Հիմա վերջնակապես թողեցիք սիրողական բռնցքամարտը և անցաք պրոֆեսիոնալին: Ինչո՞ւ կայացրեցիք այս որոշումը:

-Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերից հետո հասկացա, որ սիրողական բռնցքամարտում ինձ պահող ոչինչ չունեմ: Իմ նպատակն Օլիմպիական խաղերն էին, մեդալ նվաճելու բոլոր շանսերն ունեի: Չեմ ասում, որ այնտեղ որևէ մեկը բարձր էր կամ ցածր: Պատրաստ էի բոլորի հետ ճակատ տալու: Սակայն եղավ այն, ինչ եղավ: Կարծում եմ, 25 տարեկանն այն տարիքն է, որ, սիրողական ռինգում փորձ հավաքած, տեղափոխվես պրոֆեսիոնալ ռինգ:

-Այդ դեպքում ի՞նչ է պետք ձեզ՝ ձեր նպատակին հասնելու համար:

-Իհարկե, աշխատասիրություն: Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր հաջողության մեջ 1 տոկոսը մարդու տաղանդն է, իսկ 99 տոկոսը՝ աշխատասիրությունը: 

-Միջազգային օլիմպիական կոմիտեն արդեն թույլատրում է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները ևս մասնակցեն Օլիմպիական խաղերին: Ամեն դեպքում գուցե կտեսնե՞նք քեզ Տոկիո-2020-ին:

-Հիմա կենտրոնացած եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտի վրա: Իմ նպատակը պրոֆեսիոնալ ռինգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելն է: Գուցե 2019 կամ 2020 թվականին որոշում կայացնեմ վերադառնալ և օլիմպիական վարկանիշ նվաճեմ: Եվ ինչու ոչ, իրականություն դարձնեմ օլիմպիական երազանքս:

-Արամ, օրեր առաջ հերթական մենամարտն անցկացրեցիք պրոֆեսիոնալ ռինգում: Ի՞նչ կասեք մրցակցի մասին:

- Հակառակորդս երիտասարդ բռնցքամարտիկ էր, բայց շատ, շատ համառն էր: Մի պահ տպավորություն ունեի, թե կարող եմ շուտ վերջացնել մենամարտը, սակայն նա մնաց ոտքերի վրա: Ես մեկ խնդիր ունեի այս մենամարտի համար՝ ռինգում 8 ռաունդ անցկացնելն էր, 8 ռաունդ զգալը, ինչը ես շատ լավ արեցի: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում դու ունես շատ ժամանակ մենամարտի ելքի վրա ազդելու համար: Սիրողական բռնցքամարտում միայն 3 ռաունդում պետք է օգտագործես քո ամբողջ «զինանոցը», ի հակառակ դրան պրոֆեսիոնալ ռինգում պետք է գտնես հարմար պահը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտն ավելի շատ հոգեբանություն է: Քեզ սթափ միտք և սառը դատողություն է պետք ռինգում:

-Երբ ռինգում եք, հիշո՞ւմ եք մրցակցի թույլ կողմերը, թե հույսը դնում եք ձեր առավելությունների վրա:    

-Պրոֆեսիոնալ բռնցքամարտում մինչ մենամարտի մեկնելը մի լավ ուսումնասիրում ես մրցակցին: Մարզումների ընթացքում աշխատում ես այն ուղղությամբ, որոնք օգտագործելու ես իր դեմ: Բայց երբեմն լինում է այնպես, որ ռինգում ես սկսում նրա թույլ կողմերը բացահայտել, որոնք մինչ այդ անհայտ էին:

-Ի՞նչ կամ ո՞ւմ եք լսում ռինգում, մենամարտի ժամանակ:

-Վերջին մենամարտիս ժամանակ, որը 8 ռաունդից էր բաղկացած, լսում էի թե հանդիսատեսին, թե իմ մարզչին: Կարծում եմ, դա խոսում է այն մասին, որ դու հոգեբանորեն կայուն ես: Բայց, բացի քո անկյունից, ոչ մեկի պետք չէ լսել:

-Արամ, եթե չլիներ բռնցքամարտը, ի՞նչ այլ մասնագիտություն կընտրեիք:

-Կարծում եմ, ֆուտբոլիստ կդառնայի: Քանի որ ինչ ինքս ինձ հիշում եմ, բակում ֆուտբոլ եմ խաղացել: Շրջապատում հաճախ էին հարցնում՝ արդյո՞ք ֆուտբոլիստ չեմ: Միշտ ասում էի` ոչ: Կարծում եմ, որ ֆուտբոլով կզբաղվեի, բայց ոչ մեր երկրում: Որքան էլ ցանկությունը մեծ լինի, մեր երկրում ֆուտբոլը այդքան էլ զարգացած չէ: Իհարկե, մենք ունենք Հենրիխ Մխիթարյան, ով համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: Կձգտեի մարզվել Իսպանիայում և, ինչու ոչ, խաղալ «Ռեալ»-ում` իմ սիրելի ակումբում:

-Սովորաբար մասնագիտություն ընտրելիս հաշվի ենք առնում դրա հաճելի կողմերը, բայց ի՞նչը չեք սիրում բռնցքամարտում:

-Չէի ցանկանալ ասել, թե ինչը դուր չի գալիս: Բայց սպորտի մեջ ամենաշատը չեմ սիրում ֆիզիկական ծանրաբեռնված աշխատանքը: Սակայն ամեն առավոտ վազում և երեկոյան հենց այդ ֆիզիկական աշխատանքն եմ անում:

 -Արամ, հիմա մի քանի բլից հարցեր. սո՞ւրճ, թե թեյ:

-Սուրճ: Մրցումների ժամանակ շատ եմ օգտագործում:

-Թո՞մը, թե Ջերին:

-Թոմը:

-Ֆուտբո՞լ, թե թենիս:

-Ֆուտբոլ:

-Մարադո՞նա, թե Պելե:

-Ռոնալդո (բրազիլացին):

-Սև՞, թե սպիտակ:

-Երկուսն էլ:

-Շնորհակալություն, հաճելի զրույցի համար:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Տաթև Դուրյանի և Արամ Ավագյանի արխիվից



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ