Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Անհրաժեշտ է մշակել հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա նվազագույնի հասցնելու մեխանիզմներ. նախարար

Անհրաժեշտ է մշակել հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը շրջակա 
միջավայրի վրա նվազագույնի հասցնելու  մեխանիզմներ. նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել են գիտնականների, գյուտարարների` գերատեսչությանն ուղղված առաջարկները և խորհրդի անդամների զեկույցները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, շինարար, ճարտարագետ Մ. Սահակյանը ներկայացրել է հաղորդակից անոթների օրենքի հիման վրա գետերի ջրերը խողովակներով բարձրացնելու և ավելի մեծ տարածքներում ոռոգման նպատակով օգտագործելու, ինչպես նաև մինի ջրամբարների կառուցման առաջարկները: Բանախոսը նշել է, որ իր հեղինակած նախագծերի իրագործումը կնպաստի ջրային ռեսուրսների, էլեկտրաէներգիայի խնայողությանը և գյուղական համայնքների զարգացմանը:

«Մարտահրավերներ երեխաների համար՝ շրջակա միջավայրի դեգրադացման և կլիմայի փոփոխության հետևանքով» զեկույցով հանդես է եկել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Էկոլոգիայի և կայուն զարգացման» ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյանը: Բանախոսը ներկայացրել է խնդրի վերաբերյալ իր ուսումնասիրությունների արդյունքները և տվել առկա իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ, որոնք վերաբերում են ընդերքօգտագործման, պոչամբարների խնդիրներին, էկոկրթությանը, բնածին ռիսկերի նվազեցման ոլորտում գործունեության ակտիվացմանը և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանը:

Անդրադառնալով ելույթներում բարձրացված հարցերին՝ Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը հանքարդյունաբերության բնագավառում բնապահպանական պարտավորությունների կատարումը կանոնակարգելու և պատասխանատու հանքարդյունաբերություն ձևավորելու ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ է իրականացնում: Բացի այդ, «Արտաքին պարտք՝ բնության պահպանության դիմաց» բանաձևի շրջանակներում նախատեսվող գործընթացների կարևոր բաղադրիչներից է պոչամբարների անվտանգության բարձրացմանը և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված ծրագրերը: «Սակայն գերատեսչության առաջնային նպատակն է մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն, կամ նվազագույնի կհասցնեն հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա»,- շեշտել է Արծվիկ Մինասյանը և խորհրդի անդամ ու նիստին հրավիրված գիտնականներին խնդրել այդ հարցում աջակցություն ցուցաբերել՝ գիտական մոտեցումների և համալիր հետազոտությունների արդյունքների վրա հիմնված առաջարկություններ մշակելու նպատակով:

Նիստում ելույթ է ունեցել նաև Երկրների ու աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տնտեսական գիտությունների դոկտոր Վ. Համազասպյանը: Գիտնականը ներկայացրել է տեղեկատվություն հելիոֆիկացիայի ծրագրի մասին, որտեղ շեշտը դրվում է արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ արևային տեխնոլոգիաների անմիջական կիրառման վրա: Ծրագրի իրականացումը թույլ կտա փոխել Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական հայեցակարգը՝ շեշտը դնելով արևային գերէժան էներգիայի օգտագործմամբ կանաչ տեխնոլոգիաների զարգացման վրա:

Ամփոփելով քննարկումների արդյունքներն Արծվիկ Մինասյանը հիշեցրել է, որ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը հավատարմագրվել է որպես Հարմարվողականության հիմնադրամի 25-րդ ազգային իրականացնող մարմնի և եթե կան գիտական նորարարական հենքի վրա ձևավորված գաղափարներ, որոնք ուղղված են գլոբալ կլիմայական փոփոխությունների մեղմմանը, ապա կարղ են դրանք ներկայացնել ծրագրի տեսքով՝ Հանրապետության բնապահպանական խնդիրների լուծման և դրամաշնորհային միջոցների ներգրավման համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]