Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

Թուրքական դատարանն ընդդիմադիր պատգամավորին կալանավորելու մասին որոշումն ուժի մեջ է թողել


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 15-րդ դատարանը մերժել է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուի կալանքի բողոքարկման դիմումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Նշվում է, որ հենց նա էր տվյալներ տրամադրել «Ջումհուրիեթ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին բեռնատարների վերաբերյալ: Հունիսի 14-ին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ու կալանավորվել միանգամից դատարանի դահլիճում:

Քըլըչդարօղլուն և նրա կողմնակիցները հունիսի 15-ին սկսել են իրենց երթն Անկարայի Գյուվենպարկ զբոսայգուց: Երթը պետք է ավարտվի Ստամբուլի Մալթեփեի բանտի մոտ: Այն իրականացվում է՝ ի նշան բողոքի նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման մասին դատարանի որոշման: Քըլըչդարօղլուն ասել է, որ օրական պետք է անցնեն 18 կմ: Ակնկալվում է, որ երթը կշարունակվի 28 օր: Քեմալականները քայլելուց հետո գիշերելու են ճանապարհների վրա տեղադրված վրաններում:

Cumhurriyet թերթի լրագրողները, այդ թվում և գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը ձերբակալել էին դեռևս 2015 թվականի նոյեմբերին նրա համար, որ վերջիններս հրապարակել էին աղմկահարույց մի հոդված այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Սիրիայում գործող «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին:

Դատարանը լրագրողներին մեղադրել էր պետական գաղտնիքներ հրապարակելու, լրտեսության և ահաբեկչական գաղտնի կառույցի անդամակցելու մեջ:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ