Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի արտամրցութային ծրագիրը հագեցած կլինի ինքնատիպ ֆիլմերով

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի արտամրցութային ծրագիրը հագեցած կլինի ինքնատիպ 
ֆիլմերով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի հուլիսի 9-ին: Այն կտևի մինչև հուլիսի 16-ը։

Կինոփառատոնի արտամրցույթային ցուցադրությունների շրջանակում կներկայացվեն «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք» ծրագրերը: Այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին փառատոնի կազմակերպիչները:

 «Արտամրցույթային ծրագրերը հարուստ են. ներառված են Կաննի, Բեռլինի և Վենետիկի միջազգային կինոփառատոնների մրցանակակիր ֆիլմեր: Կցուցադրվեն ավելի քան 70 կինոնկար»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

«Երևանյան պրեմիերաներ»-ի շրջանակում կցուցադրվեն Վենետիկի կինոփառատոնում մրցանակի արժանացած կինոռեժիսոր Լավ Դիասի «Հեռացած կինը» ֆիլմը, Բեռլինի կինոփառատոնում մրցանակ շահած  Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» կինոնկարը: Ցուցադրությանը ներկա կլինի նաև ռեժիսորը:

Կներկայացվի նաև կինոռեժիսոր Ակի Կաուրիսմյակիի մեծ աղմուկ բարձրացրած «Հույսից անդին» կինոժապավենը, Կաննի փառատոնում ոսկե արմավենու արժանացած Ռուբեն Էսթլունդի «Քառակուսին»,  Ֆաթիհ Աքինի «Անէություն» ֆիլմերը:

Դափնեկիր ֆիլմերից բացի ներկայացվելու են կինոնկարներ, որոնք ընտրվել են փառատոնի ֆեյսբուքյան էջում հարցումներ անցկացնելուց հետո:

«Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում կներկայացվի «Ոսկե ծիրան» փառատոնում խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնի ֆիլմերի ընտրանին:

«Հարգանքի տուրք» ծրագրում Ֆրունզե Դովլաթյանի 90, Յուրի Երզնկյանի 95 և Սերգեյ Իսրայելյանի 80-ամյակների կապակցությամբ կցուցադրվեն ռեժիսորների մասին պատմող կենսագրական ֆիլմեր:

Հարգանքի տուրք կմատուցվի նաև ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Պիեռ Մելվիլին, ում 100-ամյակն է լրանում, և կներկայացվեն նաև նրա ֆիլմերը:

Կցուցադրվի նաև Անջեյ Վայդայի վերջին գործը: Լեհական կինոյի մեծ վարպետը անցած տարի է հեռացել կյանքից: Այս ֆիլմի ցուցադրությամբ հարգանքի տուրք է մատուցվում նրա հիշատակին:  Ցուցադրության օրը փառատոնի կազմակերպիչները Լեհաստանի դեսպանին կհանձնեն Վայդայի համար նախատեսված մրցանակը, որը նա կփոխանցի ռեժիսորի ընտանիքին:

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում Հայաստան կժամանեն նաև ռեժիսորներ Ռոբերտ Վինը ԱՄՆ-ից, Պավել Գրադունովը Ռուսաստանից և Սեմյուել Օբինը ֆրանսիայից: Վերջինս լուսանկարիչ Արա Գյուլերի մասին պատմող վավերագրական ֆիլմ է նկարել:

Կազմակերպիչների խոսքով` ներկայացվող բոլոր ժապավենները լավն են, և չկան թույլ կինոնկարներ: Կլինեն նաև ֆիլմեր Հայոց ցեղասպանության, արցախյան պատերազմի մասին:

«Հայեր` հայացք ներսից և դրսից» խորագրով հայկական և օտար ֆիլմերին անդրադարձող ծրագրում այս տարի ներառված են 36 կինոնկար:

Փառատոնն 2017-ին ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան հարյուր ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոժապավենը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am