Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը և Տաջիկստանը պայմանավորվել են զգալիորեն ավելացնել առևտրաշրջանառության ծավալները

Հայաստանը և Տաջիկստանը պայմանավորվել են զգալիորեն ավելացնել 
առևտրաշրջանառության ծավալները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկաստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Երևանում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները դիտարկում է որպես երկու երկրների միջև մշտական քաղաքական երկխոսության նոր փուլ: Այս մասին Տաջիկստանի նախագահն ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների առջև արված հայտարարության ժամանակ:

«Բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Կողմ ենք հանդես եկել  առևտրատնտեսական, հումանիտար, գիտատեխնիկական, մշակութային և փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հայ-տաջիկական հարաբերությունների հետագա խորացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Տաջիկստանի նախագահը հավելեց, որ կողմերը միակարծիք են, որ այս ոլորտներում համագործակցությունը դեռևս չի համապատասխանում այն ներուժին, որը կա երկու երկրներում: Առևտրատնտեսական ոլորտում համագործակցության առանցքային ուղղությունների համատեքստում կողմերը նշել են երկու երկրների մասնավոր հատվածների և տնտեսվարողների միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը: «Մենք որոշել ենք ավելի ամբողջական օգտագործել եղած հնարավորությունները, որպեսզի զգալիորեն ավելացնենք առևտրաշրջանառության ծավալները, իրականացնենք համատեղ տնտեսական ծրագրեր»,- ասաց Ռահմոնը:

Հետաքրքրվածություն է հայտնվել տնտեսության իրական հատվածներում հայ-տաջիկական  համագործակցությունը պրակտիկ բովանդակությամբ համալրելու հարցում: «Մենք հայկական ընկերություններին կոչ ենք արել, օգտագործելով իրենց ներդրումային հնարավորությունները և նորագույն տեխնոլոգիաները, մասնակցություն ունենալ տնտեսական շահավետության տեսանկյունից հետաքրքիր մեր նախագծերին: Մեզ մոտ այդպիսի ծրագրեր առկա են էներգետիկայի, զբոսաշրջության, լեռնահանքային, թեթև, սննդի, վերամշակող արդյունաբերության, կապի ու տրանսպորտային հաղորդակցման ենթակառուցվածքների, ինչպես նաև առողջապահության ոլորտներում: Մենք պատրաստ ենք դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծել»,- նշեց Տաջիկստանի նախագահը:

Կողմերը պայմանավորվել են ավելի ակտիվ շարունակել համագործակցությունը գործող Տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում: «Այսօրվա հանդիպումների և բանակցությունների ընթացքում բացահայտել ենք նաև մշակութային, հումանիտար ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու զգալի հնարավորություններ: Շեշտվել է գիտատեխնիկական, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում  երկու երկրների միջև կապերի հետագա զարգացման կարևորությունը: Կողմերը կարևոր են համարել բանակցությունների արդյունքներով համաձայնագրերի նոր փաթեթի ստորագրումը, որը կոչված է կոնկրետ ուղղություններով երկկողմ հարաբերությունների իրավական բազայի ամրապնդմանը»,- ասաց Էմոմալի Ռահմոնը:

Նա գոհունակություն հայտնեց  Երևանում անցկացրած բանակցությունների արդյունքներից, որոնք անցել են բարեկամական, կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում: «Վստահ եմ, որ այսօրվա պաշտոնական հանդիպումների արդյունքները նոր հորիզոններ կբացեն մեր երկրների միջև փոխգործակցության ամրապնդման և զարգացման համար՝ ի շահ երկու ժողովուրդների: Ես հարգարժան Սերժ Ազատի Սարգսյանին պաշտոնական այցով հրավիրել եմ Տաջիկստանի Հանրապետություն: Հույս ունեմ, որ Դուշանբեում մեր երկխոսության շարունակությունը կնպաստի երկու երկրների դրական փոխգործակցության ակտիվացմանը»,- եզրափակեց Տաջիկստանի նախագահը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am