Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

«Իսլամական պետության» գաղափարակիցները պատասխանում են Արևմուտքին իրենց իսկ բնօրրանում. արաբագետներ


ԵՐԵՎԱՆ, 6  ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր երկրներում ահաբեկչական գործողությունների հաճախակիությունը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների հետևանք է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Մերձավոր Արևելքում նոր իրողություններ են: Ակտիվ է «Իսլամական պետություն»-ը, որն ահաբեկչությունների հիմնական կազմակերպիչն է: Լոնդոնի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց այդ կազմակերպությունը, որը նոր մարտավարություն է կիրառում: Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ ահաբեկչություն իրականացնելու հրահանգները չեն գալիս ԻՊ-ի կենտրոնական ղեկավար շրջանակներից: Որոշումները կայացվում են անհատական մակարդակում, տեղերում: Իհարկե, ընդհանուր գաղափարական հենքը նույնն է, սակայն որոշումների տեղը, ժամանակը, ձև որոշվում է տեղում գործող իսլամականների կողմից»,-ասաց Սարգիս Գրիգորյանը:

Ինչո՞ւ է թիրախավորված Լոնդոնը: Սարգիս Գրիգորյանը նշեց, որ մուսուլմաններն այն անվանում են «լոնդոնիստան», այնտեղ երկար ժամանակ գործում է ցանց, որն էլ պարբերաբար նոր մարդկանց է ներգրավում:

«Խնդիրն այն է, որ եթե նույնիսկ վերացվի հիմնական ահաբեկչական կառույցը, ապա այդ վտանգը դեռ մնալու է: «Ալ Քաիդա»-ն, «Իսլամական պետություն»-ը հայտարարել են, որ արյունահեղության ամիս է լինելու: Ցավոք, պետք է նշեմ, որ առաջիկայում դեռ ականատես ենք լինելու նման իրողությունների»,-ասաց արաբագետը:

Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ այսօր Մերձավոր Արևելքում դիտվում են վճռական գործողություններ` ուղղված «Իսլամական պետության» դեմ, ինչն էլ մղում է կառույցի գաղափարակիցներին պատասխանել Արևմուտքի գործողություններին՝ իրենց իսկ բնօրրանում:

«Բրիտանական մամուլը հրապարակել էր մի քանի տվյալներ: Մասնավորապես, այնտեղ կան 23 հազար պոտենցիալ ջիհադականներ, Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները դրանցից 3 հազարին են կարողանում վերահսկել: Դրանից բացի, հաշվարկվում է 850 ջիհադական, որոնք մասնակցել են պայքարին, նրանցից 50-ին են կարողանում վերահսկել: Այսինքն` ջիհադականների համար ակնհայտ հնարավորություններ են՝ թիրախավորելու նորանոր օբյեկտներ»,-ավելացրեց արաբագետը:

Նա նկատեց, որ այստեղ կա նաև հոգեբանական պահ: Եթե մի երկրում հաջողվում է իրականացնել ահաբեկչական հարձակում, ապա ծայրահեղական գաղափարներ կրող այլ բջիջներ նույնպես ակտիվանում են:

Սարգիս Գրիգորյան, Արմեն Պետրոսյան, Լոնդոն, ահաբեկչություն



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ