Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Սպասվող լրահոս. 05.06.2017


ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Այսօր հունիսի 5 ն է, նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Այդ կապակցությամբ Հայաստանի բնության պետական թանգարանում կանցկացվի հանդիպում, որին ներկա կլինի ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Միջոցառման ավարտին՝ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում Հայաստանի բնության պետական թանգարանից տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների և կամավորների երթը դեպի ՀՀ բնապահպանության նախարարություն:

Հայաստանում մի շարք հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ ասոցիացիաներ համատեղ ստեղծում են «Քաղցկեղով հիվանդների պաշտպանության խումբ»:  Հուշագրի կնքումով կողմերը հաստատում են իրենց պատրաստակամությունը համատեղ գործունեություն ծավալելու, ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտներում որակական բարելավում մտցնելու, համապատասխան գիտաժողովներ, ուսումնական ծրագրեր, տարատեսակ իրազեկման երթեր կազմակերպելու համար:

Գ.Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոց 1-ում եւ Գ.Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոց 2-ում տեղի կունենա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողություն: Այս տարի առաջին անգամ «Այբ» կրթական հիմնադրամը կանցկացնի միանգամից երեք դպրոցական մրցույթի՝ «Մեղու. հայերենը բոլորի համար», «Ռուսական արջուկ.լեզվաբանություն բոլորի համար» և «Կենգուրու.մաթեմատիկան բոլորի համար» մրցույթների մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխությունների հանդիսավոր արարողությունները կկայանան հունիսի 5-13-ը Հայաստանի և Արցախի 32 քաղաքներում։

ՀՀ մշակույթի նախարարության շենքում կանցկացվի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի այս տարվա անդրանիկ մամուլի ասուլիսը: Կներկայացվի պաշտոնական ազդագիրը, միջազգային ժյուրիի կազմը, ինչպես նաև բացման և փակման ֆիլմերը: Ներկա կլինի  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը,  «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը և այլք:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր փակումը և պատանի մենակատարների ելույթը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Հիշեցնենք, հունիսի 2-5-ը, Երևանում անցկացվեց «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային փառատոնը: Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ մասնակցել են Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Պարսկաստանի շուրջ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝  միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ