Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Թուրք հասարակությունն իր մտածելակերպով շատ ավելի հեռուն է նայում, քան երկրի ղեկավարությունը. գերմանացի պատգամավորն այցելեց Ծիծեռնակաբերդ

Թուրք հասարակությունն իր մտածելակերպով շատ ավելի հեռուն է նայում, քան երկրի 
ղեկավարությունը. գերմանացի պատգամավորն այցելեց Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գերագույն մարմնի անդամ, բյուջետային հանձնաժողովի փոխնախագահ Դիթմար Նիթանը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Մեկ տարի առաջ հենց նույն օրը՝ հունիսի 2-ին, Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որի հեղինակներից մեկը հենց Դիթմար Նիթանն էր, ում պայքարը տեւել է տարիներ:

Պատգամավորը վստահ է՝ պատմությունը ցույց տվեց,  որ Հայոց ցեղասպանության փաստը կոծկելուն ուղղված բոլոր փորձերը անարդյունք էին, քանի որ  նրա խոսքով՝ հնարավոր չէր  պարզապես թաքցնել մարդկության դեմ իրականացված այդ հանցագործությունը:

«Որպես Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր՝ իմ պարտքն են համարել, որ Գերմանիան ճանաչի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը՝  հստակ նշելով այդ եզրույթը, այլեւ իր համապատասխանատվությունը 1915 թվականի իրադարձություններում: Մեզ համար կարեւոր էր իրերն իրենց անուններով կոչելը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց գերմանացի պատգամավորը՝ ընդգծելով, որ ամբողջական գործընթացը դեռեւս ավարտված չէ:

Դիթմար Նիթանը սա փուլային հաղթանակ է համարում, քանի որ   առաջիկայում եւս կան անելիքներ:

«Հետագա տարիների աշխատանքը ուղղված պետք է լինի Գերմանիայում պատմության դասագրքերում թեման ներառելուն:  Դուք գիտեք, թե որքան նյութեր կան  Գերմանիայի պետական արխիվներում, եւ այս թեման լուսաբանելու համար դեռ շատ անելիքներ կան»,- ասաց նա:

Անդրադառնալով Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի արձագանքին եւ ճնշումներին՝ պատգամավորը նշեց, որ այժմ Թուրքիայի հասարակությունն իր քայլերով եւ մտածելակերպով շատ ավելի հեռուն է նայում, քան երկրի ղեկավարությունը:

«Անշուշտ  Թուրքիայի կողմից եղել են եւ լինում են ճնշումներ՝ ներազդելու արեւմտյան երկրների քաղաքականության վրա, որտեղ փորձ է արվում ցեղասպանությունը հենց այդ եզրույթով անվանել,  բայց մենք գիտենք, որ  թուրք հասարակության շրջանում կան մարդիկ, ովքեր  գիտեն եւ գիտակցում են իրենց պատմական անցյալը:  Ես ունեմ թուրք ընկերներ, ում հետ անձնական շփումներում պարզ է դառնում, որ իրականում թուրքերը կցանկանային անդրադառնալ իրենց պատմությանը եւ  գիտակցում են  կատարված հանցագործության փաստը: Պետք է պարզապես քաջալերել նրանց քայլերը ավելի համարձակորեն անդրադառնալու իրենց պատմությանը»,-նշեց Դիթմար Նիթանը:

Գերմանացի պատգամավորը առաջին անգամն է Հայաստանում: Նա տեղեկացրեց, որ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվելու է, ինչից առավել սակայն համարում է պատմական ճշմարտության վերհանումը:

«Անշուշտ այն, ինչ արել եմ, չեմ արել  պարգեւի արժանանալու համար: Ես  իմ պարտքն եմ համարել անել ամեն ինչ, որպեսզի այսպես ոչ միայն զոհերի հիշատակը հարգվի, այլեւ հետագայում նման հանցագործությունները կանխվեն»,-ասաց Բունդեսթագի պատգամավորը՝ ցույց տալով գրպանում պահված անմոռուկ կրծքանշանը, որը միշտ պահում է իր մոտ հայկական համայնքի հետ հանդիպումների ժամանակ:

Պատգամավորը անկեղծացավ՝ ներկայացնելով  իր մտորումները ծաղիկները խոնարհելու ժանանակ:  Նրա խոսքով՝ դրանք այնպիսին էին, որ նույնիսկ ամենափորձառու քաղաքական գործիչը  կդժվարանար նկարագրել:

Լրագրողների հետ զրույցի ավարտին էլ Դիթմար Նիթանը եւս մեկ անգամ գնաց անմար կրակի մոտ՝ այս անգամ միայնակ, տեսախցիկներից հեռու:

2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվել էր ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն:

 

 

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am