Թուրք հասարակությունն իր մտածելակերպով շատ ավելի հեռուն է նայում, քան երկրի ղեկավարությունը. գերմանացի պատգամավորն այցելեց Ծիծեռնակաբերդ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գերագույն մարմնի անդամ, բյուջետային հանձնաժողովի փոխնախագահ Դիթմար Նիթանը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Մեկ տարի առաջ հենց նույն օրը՝ հունիսի 2-ին, Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որի հեղինակներից մեկը հենց Դիթմար Նիթանն էր, ում պայքարը տեւել է տարիներ:
Պատգամավորը վստահ է՝ պատմությունը ցույց տվեց, որ Հայոց ցեղասպանության փաստը կոծկելուն ուղղված բոլոր փորձերը անարդյունք էին, քանի որ նրա խոսքով՝ հնարավոր չէր պարզապես թաքցնել մարդկության դեմ իրականացված այդ հանցագործությունը:
«Որպես Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր՝ իմ պարտքն են համարել, որ Գերմանիան ճանաչի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը՝ հստակ նշելով այդ եզրույթը, այլեւ իր համապատասխանատվությունը 1915 թվականի իրադարձություններում: Մեզ համար կարեւոր էր իրերն իրենց անուններով կոչելը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց գերմանացի պատգամավորը՝ ընդգծելով, որ ամբողջական գործընթացը դեռեւս ավարտված չէ:
Դիթմար Նիթանը սա փուլային հաղթանակ է համարում, քանի որ առաջիկայում եւս կան անելիքներ:
«Հետագա տարիների աշխատանքը ուղղված պետք է լինի Գերմանիայում պատմության դասագրքերում թեման ներառելուն: Դուք գիտեք, թե որքան նյութեր կան Գերմանիայի պետական արխիվներում, եւ այս թեման լուսաբանելու համար դեռ շատ անելիքներ կան»,- ասաց նա:
Անդրադառնալով Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի արձագանքին եւ ճնշումներին՝ պատգամավորը նշեց, որ այժմ Թուրքիայի հասարակությունն իր քայլերով եւ մտածելակերպով շատ ավելի հեռուն է նայում, քան երկրի ղեկավարությունը:
«Անշուշտ Թուրքիայի կողմից եղել են եւ լինում են ճնշումներ՝ ներազդելու արեւմտյան երկրների քաղաքականության վրա, որտեղ փորձ է արվում ցեղասպանությունը հենց այդ եզրույթով անվանել, բայց մենք գիտենք, որ թուրք հասարակության շրջանում կան մարդիկ, ովքեր գիտեն եւ գիտակցում են իրենց պատմական անցյալը: Ես ունեմ թուրք ընկերներ, ում հետ անձնական շփումներում պարզ է դառնում, որ իրականում թուրքերը կցանկանային անդրադառնալ իրենց պատմությանը եւ գիտակցում են կատարված հանցագործության փաստը: Պետք է պարզապես քաջալերել նրանց քայլերը ավելի համարձակորեն անդրադառնալու իրենց պատմությանը»,-նշեց Դիթմար Նիթանը:
Գերմանացի պատգամավորը առաջին անգամն է Հայաստանում: Նա տեղեկացրեց, որ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվելու է, ինչից առավել սակայն համարում է պատմական ճշմարտության վերհանումը:
«Անշուշտ այն, ինչ արել եմ, չեմ արել պարգեւի արժանանալու համար: Ես իմ պարտքն եմ համարել անել ամեն ինչ, որպեսզի այսպես ոչ միայն զոհերի հիշատակը հարգվի, այլեւ հետագայում նման հանցագործությունները կանխվեն»,-ասաց Բունդեսթագի պատգամավորը՝ ցույց տալով գրպանում պահված անմոռուկ կրծքանշանը, որը միշտ պահում է իր մոտ հայկական համայնքի հետ հանդիպումների ժամանակ:
Պատգամավորը անկեղծացավ՝ ներկայացնելով իր մտորումները ծաղիկները խոնարհելու ժանանակ: Նրա խոսքով՝ դրանք այնպիսին էին, որ նույնիսկ ամենափորձառու քաղաքական գործիչը կդժվարանար նկարագրել:
Լրագրողների հետ զրույցի ավարտին էլ Դիթմար Նիթանը եւս մեկ անգամ գնաց անմար կրակի մոտ՝ այս անգամ միայնակ, տեսախցիկներից հեռու:
2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվել էր ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում