Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայ խաղաղապահները միշտ աչքի են ընկել պատրաստվածության բարձր մակարդակով. Արթուր Սիմոնյան

 Հայ խաղաղապահները միշտ աչքի են ընկել պատրաստվածության բարձր 
մակարդակով. Արթուր Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաթիվ մեդալներ, շնորհակալագրեր, երախտիքի խոսքեր Հայաստանի ու այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների կողմից. ՀՀ ԶՈՒ խաղաղապահների անցած ուղին նշանավորվում է բարձր գնահատականով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը նշեց, որ հայ խաղաղապահներն իրենց առաքելությունն իրականացնելու ժամանակ միշտ աչքի են ընկել պատրաստվածության բարձր մակարդակով: Եվ դա պատահական չէ. ամենօրյա, ամենժամյա աշխատանքի արդյունք է:

ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադը մասնակցում է ՀՀ ԶՈՒ բոլոր խնդիրների կատարմանը և իրականացվող լրացուցիչ վարժանքների շնորհիվ իրականացնում նաև խաղաղապահ առաքելություն այլ երկրներում՝ ՄԱԿ-ի պահանջներին համապատասխան:

2004 թվականից սկսած հայ խաղաղապահներն իրենց առաքելությունն են իրականացրել Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում և այլուր:

«Արտասահմանյան բազմաթիվ գործընկերների կողմից երախտիքի խոսքեր ենք ստացել: Աֆղանստանի Կունդուզ քաղաքում մեր առաջին զորախումբը չպայթած զինամթերք հայտնաբերեց օդանավակայանի տարածքում: Այդ նույն օդանավակայանում մեր զինծառայողները երկու թաքնված աֆղանցի հայտնաբերեցին, որոնք միջազգային հետախուզման մեջ էին: Հետագայում պարզվեց ահաբեկիչներ են: Ուսումնասիրում էին տարածքը, ահաբեկչություն իրականացնելու համար հնարավոր տարբերակներ էին փնտրում»,-պատմեց նա:

Գեներալ-մայորի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գործընկերները ցանկություն են հայտնել ավելացնելու խաղաղապահների թիվը:

 «ՆԱՏՕ-ի մեր գործընկերները շահագրգռված են, որ մենք ունենանք 3 գումարտակ` հերթափոխով առաքելություն իրականացնելու համար: Տեխնիկայով, զենքով համալրման պրոցեսը դեռ չի ավարտվել, այն ընթացքի մեջ է»,-ասաց Արթուր Սիմոնյանը: Ներկայում իր խաղաղապահ առաքելությունն է իրականացնում Աֆղանստանում` Մազարի Շարիֆում՝ 65, Քաբուլում` 56, իսկ Կոսովոյում` 40, Լիբանանում` 32 հայ զինծառայող:

Արթուր Սիմոնյանը հավելեց նաև, որ հայ խաղաղապահները պատրաստվում են Գերմանիայում և Ղազախստանում մասնակցելու լայնամասշտաբ զորավարժությունների, Հայաստանում ևս նախատեսված են զորավարժություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am