ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական ոստիկանության նորանշանակ պետին
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում մայիսի 27-ին կայացած խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմական ոստիկանության համակարգում երկարատև ու արդյունավետ ծառայության համար շնորհակալություն հայտնելով վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանին, ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ գնդապետ Արթուր Բաղդասարյանի մասնագիտական գիտելիքները, կազմակերպչական ջիղն ու աշխատանքային հարուստ փորձը կնպաստեն ռազմական ոստիկանության գործունեության և զորամասերի հրամանատարության հետ համատեղ աշխատանքների արդյունավետության առավել ամրապնդմանը, ինչպես նաև զինված ուժերում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթների հայտնաբերմանն ու կանխարգելմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում