Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փակվել է 637 աղբանոց. «Մաքուր Հայաստան» ծրագրի նախնական արդյունքների ամփոփումը

Փակվել է 637 աղբանոց. «Մաքուր Հայաստան» ծրագրի նախնական արդյունքների 
ամփոփումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովը ամփոփում է «Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի նախնական արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակի աշխատանքների արդյունքում ՀՀ մարզերում փակվել են  637 աղբանոցներ: Ներկայացվում են այսօրվա ընթացքում փակված աղբանոցների թվային տվյալներն  ըստ մարզերի` Կոտայք -67 ,   Սյունիք –  31, Արագածոտն –  25, Շիրակ –  60, Վայոց ձոր –  74, Արարատ –  8, Արմավիր –  46, Լոռի –  244, Տավուշ – 48, Գեղարքունիք – 34:

ՀՀ մարզերում մաքրման աշխատանքների կազմակերպման համար համայնքների, ճանապարհաշինարարական և այլ ընկերությունների կողմից դուրս է բերվել մեծ քանակով տեխնիկա, մասնավորապես` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր, ընդհանուր առմամբ` 1621 միավոր տեխնիկա: Համապետական շաբաթօրյակին ՀՀ մարզերից մասնակցել է ավելի քան 146 հազար քաղաքացի (2832 կոլեկտիվ, 3704 տեղամաս):

Երևանի վարչական շրջաններում հանրապետական շաբաթօրյակի համատեքստում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակն աչքի է ընկել մասնակիցների բարձր ակտիվությամբ: Սանմաքրման աշխատանքների ընթացքում պատշաճ տեսք են ստացել բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցները:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայրաքաղաքը համատեղ մաքրելու աշխատանքներին մասնակցել է ինչպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, պետական ու մասնավոր կազմակերպությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, կրթօջախների, քաղաքապետարանի ենթակայության կառույցների և հասարակական կազմակերպությունների շուրջ 22000 անձ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել ավելի քան 140 միավոր տարբեր նշանակության տեխնիկա և աղբավայր է տեղափոխվել 412 տոննա աղբ: Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում աղբավայրեր են տեղափոխվել նաև ավտոմեքենաների լքված թափքեր: Երևանն ավելի ներկայանալի ու կոկիկ տեսնելու գաղափարին միացած համաքաղաքացիները նշել են, որ մեծ ոգևորությամբ ու սեփական քաղաքը բարեկարգելու պատասխանատվության զգացումով են մասնակցել շաբաթօրյակին` մաքրության գործում սեփական ներդրումն ունենալու գիտակցումով:

Լուսանկարները` Մարինե Մելիքյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am