Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փոխնախարար Ասրյանն առողջ ապրելակերպի թեմայով խորհրդակցություն է անցկացրել

Փոխնախարար Ասրյանն առողջ ապրելակերպի թեմայով խորհրդակցություն է 
անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 24  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը մայիսի 24-ին Երևան քաղաքի և ՀՀ մարզերի մարզպետարանների սպորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ առողջ ապրելակերպի և մասսայական սպորտի ոլորտներում նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության լրատվական ծառայությունից՝ հավելելով. «Հանդիպման սկզբում Խ. Ասրյանը ներկայացրել է մասսայական սպորտի 16 ուղղություններով նախարարության կողմից տարվող աշխատանքները: «Բոլոր ծրագրերն ընտրվել են այն սկզբունքով, որ մասսայական սպորտի միջոցառումներում ընդգրկվեն բոլոր տարիքային և սոցիալական խմբերի ներկայացուցիչները: Այդ նպատակով մշակվել և այս տարի սկսել ենք իրականացնել ևս 7 նոր միջոցառում` հանրապետական ուսանողական խաղերը, հանրակրթական դպրոցների 1-ինից 3-րդ և 4-7-րդ դասարանցիների միջև անցկացվող «Սպորտլանդիան», 8-12-րդ դասարանցիների միջև անցկացվող «Սպարտակիադան», գյուղական մարզական խաղերը, տարեցների հանրապետական խաղերը և պետական մարմինների աշխատակիցների միջև անցկացված հրաձգության հանրապետական մրցույթը: Այս նոր միջոցառումները եկել են համալրելու մեր նախարարության կողմից ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք», «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն», «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ», «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մարզական միջոցառումների ու նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների միջև անցկացվող ռազմամարզական խաղերի և մյուս մարզական մասսայական միջոցառումների շարքը»,- ասել է Խ. Ասրյանը:

Հանդիպումից հետո հյուրերին  «Լավագույն մարզական ընտանիք-2017» ստուգատեսի վերաբերյալ տրամադրվել են տպագիր պաստառներ, որոնք տարածվելու են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և Արցախում, ինչպես նաև տրամադրվել է 1-ին և 2-րդ փոիլերի անցկացման համար մարզագույք: «Մեր նպատակն է հնարավորինս մեծ թվով մասնակիցների ընդգրկել այս մրցումներում: Ակտիվ կյանք վարող, մարզված և կոփված ընտանիքն է մեր հայրենիքի հենասյունը»,- շեշտել է Խ. Ասրյանը:

Քննարկման ընթացքում մարզպետարանների սպորտի պատասխանատուների կողմից արվել են բազմաբնույթ առաջարկություններ՝ մարզական մասսայական միջոցառումների կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ, որոնք ընդունվել են ի գիտություն:

«Շնորհակալություն ակտիվ մասնակցության և կառուցողական առաջարկների համար: Մեզ անհրաժեշտ են նմանատիպ քննարկումերը, ինչի արդյունքում հնարավոր է փոփոխություններ կատարվեն որոշ միջոցառումների անցկացման կանոնակարգերի մեջ: Դրանց մասին դուք հընթացս կտեղեկանաք»,- հանդիպման վերջում ասել է նախարարի տեղակալ Խ. Ասրյանը:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am