Էրդողանը չեղյալ է համարել ՍԾՏՀ շրջանակում նախատեսված հանդիպումները
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման 25-ամյակի նվիրված գագաթնաժողովի շրջանակում դրան մասնակցող երկրների ղեկավարների պատվին Դոլմաբահչեի պալատում մատուցված ճաշին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր»-ը, նրա փոխարեն ճաշին մասնակցել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Իսմաիլ Քահրամանը և վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Գագաթնաժողովից հետո ակնկալվում էր, որ Էրդողանը Մաբեյնի պալատում պետք է ընդունի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին և Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին: Սակայն նա անակնկալ կերպով չեղյալ է համարել այդ հանդիպումները՝ բավարարվելով գագաթնաժողովի ժամանակ նրանց հետ ունեցած հանդիպումներով:
Էրդողանը դուրս է եկել Մաբեյնի պալատից և հեռացել առանձնատուն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում