Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՀՀ ֆինանսերի նախարարն ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի պատվիրակությանը

ՀՀ ֆինանսերի նախարարն ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մայիսի 3-ին ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի պատվիրակությանը՝  հիմնադրամի նախագահ Ասո Տավիթյանի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին` ՀՀ ֆինանսների նախարարը կարևորել է կրթության ոլորտում բարեգործության իրականացումը և ընդգծել աշխարհում իրականացվող բարեփոխումներում կադրերի որոշիչ դերը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը եւս հնարավորություն է ունեցել այս ծրագրի շրջանակներում ուսանել Ֆլեթչերի դպրոցում:

Նախարարը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության բարեփոխումների ընթացիկ օրակարգը և ՀՀ կառավարության մոտեցումները երկրի զարգացման ընդհանուր տեսլականի վերաբերյալ:

Խոսելով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների մասին՝ նախարար Վարդան Արամյանն ընդգծել է, որ դրանց դիմագրավելու լավագույն տարբերակը երիտասարդ կադրերի լայն և ռազմավարական մտածելակերպի ձեւավորումն է, որն էլ գլոբալ աշխարհում մրցունակության գրավականն է:

Նախարարը նաև նշել է, որ անհրաժեշտ է կամրջել տարբեր երկրների կրթական հաստատություններում ուսանող կադրերին` պատրաստակամություն հայտնելով օտարերկրյա ուսանողներին պրակտիկ դասընթացների հնարավորություն ընձեռել ՀՀ ֆինանսների նախարարությունում: Միևնույն ժամանակ նախարար Արամյանը կարևորել է, որ «Թավիթյան» հիմնադրամի կողմից կազմակերպվող կրթական ծրագիրը շարունակական կլինի:

«Թավիթյան» հիմնադրամը ստեղծվել է ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանի կողմից: «Թավիթյան» հիմնադրամի և Ֆլեթչերի դպրոցի միջև առկա համագործակցության շրջանակներում հայ երիտասարդները տարիներ ի վեր «Թավիթյան» հիմնադրամի միջոցներով ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում արդի բարձր չափանիշներին համապատասխան կրթություն են ստանում: Հիշյալ ծրագրի շրջանակներում կրթություն ստանալուց հետո հարյուրավոր շրջանավարտներ Հայաստան վերադառնալուց հետո ստացած գիտելիքներն ու ունակություններն օգտագործում են ի նպաստ հայրենիքի։ 

«Թավիթյան» հիմնադրամը միաժամանակ ֆինանսավորում է Ֆլեթչեր դպրոցի դեկանների, ականավոր դասախոսների այցերը Հայաստան, որպեսզի նրանք ավելի լավ ծանոթանան հայ ժողովրդին և առկա աշխարհաքաղաքական իրողություններին։ 

Ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ է, երկար տարիներ ծառայել է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերում՝ զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ, այդ թվում՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնը, ինչպես նաև ԱՄՆ ռազմավարական և տակտիկական գիտահետազոտական կենտրոնի առաջին հրամանատարի, ռազմածովային ուժերի քարտուղարի օգնականի և պաշտպանության նախարարի ռազմական հարցերով գլխավոր օգնականի պաշտոնները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am