Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՊՀ-ն և Չեխիայի Կարլի համալսարանն ամրապնդում են համագործակցությունը

ԵՊՀ-ն և Չեխիայի Կարլի համալսարանն ամրապնդում են համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի և Չեխիայի Հանրապետության Կարլի համալսարանի միջև համագործակցության հուշագրի շրջանակներում ապրիլի 26-27-ին Կարլի համալսարանի ռեկտոր՝ պրոֆեսոր Տոմաշ Զիմայի հրավերով երկօրյա աշխատանքային այցով Պրահայում էին գտնվում Երևանի պետական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Արամ Սիմոնյանը և պրոռեկտորի տեղակալ, ԵՊՀ միջազգային համագործակցության գրասենյակի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայկական կողմից հանդիպումներին մասնակցեցին նաև ՉՀ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան:

Պրոֆեսոր Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ Կարլի համալսարանի ռեկտորի հետ: Ողջունելով հյուրերին՝ ռեկտոր Զիման, նախ, հակիրճ ներկայացրեց իր ղեկավարած համալսարանի պատմությունը, որը հանդիսանում է Եվրոպայում ամենահին և հեղինակավոր համալսարաններից մեկը: Այն հիմնադրվել է 1348թ-ին, ունի 17 ֆակուլտետ և մի շարք ինստիտուտներ, հետազոտական, մասնագիտական, կրթական կենտրոններ: Համալսարանում սովորում են ավելի քան 53.000 ուսանող, որոնցից 7.000-ն արտերկրներից: Կարլի համալսարանը համագործակցում է և բազմաթիվ ծրագրեր ունի աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ: Ռեկտոր Զիման չափազանց կարևորեց ԵՊՀ հետ գոյություն ունեցող համագործակցության հուշագիրն, ինչպես նաև Կարլի համալսարանում հայագիտական առարկաների դասավանդումը:

Պրոֆեսորներ Սիմոնյանն ու Մարկարովը իրենց հերթին ներկայացրեցին ԵՊՀ նոր ծրագրերը, ինստիտուտներն ու դպրոցները, կարևորեցին չեխական ԲՈՒՀ-ի հետ համագործակցության հուշագրի առկայությունը և այն կոնկրետ բովանդակությամբ ապահովելու անհրաժեշտությունը: Հայկական կողմն առանձնահատուկ ուշադրության հրավիրեց ԵՊՀ նորաստեղծ դեղագործական ինստիտուտի վրա, որը դարձել է մի յուրօրինակ ինովացիոն կենտրոն ոչ միայն ՀՀ-ում, այլ ողջ տարածաշրջանում: Առաջարկություն արվեց մշակել մի քանի կոնկրետ աշխատանքային ծրագրեր տարբեր բնագավառներում համագործակցությունը խթանելու նպատակով: ՉՀ-ում դեսպան Սեյրանյանն առաջարկեց որպես չեխական համալսարանում գոյություն ունեցող հայագիտական առարկաների դասավանդմանը փոխադարձ քայլ Հայաստանում հիմնվի չեխերենի մասնագետների պատրաստման ծրագիր:

Այնուհետև, ԵՊՀ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Կարլի համալսարանի Արվեստների ֆակուլտետի արտաքին հարաբերությունների գծով դեկանի տեղակալ Եվա Վոլդրիխովա-Բերանկովայի և արևելաեվրոպական լեզուների ամբիոնի վարիչ դոկտոր Մարեկ Պրիհոդայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ուսանողների փոխանակման, ամառային դպրոցների, ամբիոնների և ինստիտուտների միջև համագործակցության (մասնավորապես առանձնացվեց հնէաբանության և լեզուների ոլորտում), Կարլի համալսարանում վերաբացված հայագիտական առարկաների դասավանդման, հեռանկարում Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ստեղծման և հետագայում երկու համալսարանների միջև համագործակցության հետ կապված հարցերը:

Այցն ավարտվեց Փիլիսոփայության ֆակուլտետի գրադարանի՝ հայկական բաժնի հանդիսավոր բացման արարողությամբ: Գրադարանի շուրջ երկու հազար՝ Հայաստանին և հայերին վերաբերող, տարբեր լեզուներով հրապարակված գրքեր Պրահայում ՀՀ դեսպանության աջակցությամբ երեք տարվա ընթացքում համակարգվել են և էլեկտրոնային եղանակով գրանցվել: Հանդիսավոր բացմանը մասնակցեցին նաև Արվեստների ֆակուլտետի դեկան Միրիամ Ֆրիդովան, գրադարանի տնօրենն ու աշխատակիցները, հայագիտական առարկաները դասավանդող դասախոսներն ու ուսանողները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am