Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում Էկվադորի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

Հայաստանում Էկվադորի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 28-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:


Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է լատինաամերիկյան երկրների, այդ թվում՝ Էկվադորի հետ խորացնելու հարաբերությունները և հույս է հայտնել, որ դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան իր փորձառությամբ ու ակտիվ աշխատանքով հայ-էկվադորյան հարաբերությունները կբարձրացնի որակական նոր մակարդակի: 

Նշելով, որ Լատինական Ամերիկայի երկրների հետ Հայաստանը գլխավորապես կապված է արժեմշակութային թելերով, որը հարյուր հազարավոր հայերի համար անցյալ դարասկզբին հիմք է հանդիսացել Հայոց ցեղասպանությունից փրկվելով՝ ապաստան գտնել այդ երկրներում, Հանրապետության Նախագահը կարևորել է բարեկամական կապերի ամրապնդումն ու միջպետական մակարդակով տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը:

Դեսպան վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի զարգացնելու Հայաստանի և Էկվադորի միջև հարաբերությունները և համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հանդիպմանը դեսպանը նաև իր առաջարկներն է ներկայացրել Նախագահին՝ տարբեր ոլորտներում հայ-էկվադորյան փոխգործակցության ներուժը լավագույնս օգտագործելու ուղղությամբ:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են խորհրդարանական մակարդակով ևս երկու երկրների միջև շփումների ակտիվացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am