Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Համահայկական նվագախմբի առաջին համերգը Երևանում նվիրվեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Համահայկական նվագախմբի առաջին համերգը Երևանում նվիրվեց  Ցեղասպանության 
զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Համահայկական նվագախմբի առաջին համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և հայ ժողովրդի վերածննդին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համերգին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան այլ անձինք:

Համերգի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից հայրենիքում հավաքված հայ երաժիշտները կատարեցին  բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ աշխարհին ներկայացնելով հայ ժողովրդի հզոր ստեղծագործական ներուժը:

Համահայկական նվագախմբում ընդգրկվել են այնպիսի նվագախմբերի երաժիշտներ, ինչպես Մոսկվայի Մեծ թատրոնը, Սանկտ Պետերբուրգի Միխայլովսկի թատրոնը, Hessische Rundfunk-ը, Նյուրնբերգի սիմֆոնիկը, Մոսկվայի Չայկովսկի սիմֆոնիկը, Տոկիոյի ԻլյումինԱրթ Ֆիլհարմոնիկը, Տորոնտոյի սիմֆոնիկը, Պորտուգալիայի սիմֆոնիկը, Լա Մոնե սիմֆոնիկը, Լիլի ազգայինը, Դամասկոսի սիմֆոնիկը, Օվիեդոյի սիմֆոնիկը, Լիբանանի ֆիլհարմոնիկը, Թբիլիսիի օպերային թատրոնի նվագախումբը, Էկվադորի Գուայաքիլ սիմֆոնիկը, Մեքսիկայի Ակապուլկոյի ֆիլհարմոնիկը, Բելգիայի ազգայինը, Radio France-ի ազգային սիմֆոնիկը, Վալենսիայի սիմֆոնիկը, Gewandhaus և այլ նվագախմբեր:

 ՀՀ մշակույթի նախարարության պատվերով՝ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հատուկ այս նախագծի համար հեղինակել է «Պոեմ հաղթանակի» նոր ստեղծագործությունը, որը կատարվեց առաջին անգամ:

 Համերգացանկում ընդգրկված էին Արամ Խաչատրյանի, Բարսեղ Կանաչյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Կոմիտաս-Շարաֆյանի, Սերժ Թանկյանի ստեղծագործություններից:

«Համահայկական նվագախումբ» նախագիծը իրականություն է դարձել ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Դրա նպատակն է հայ ազգի միասնականության գաղափարի ամրապնդումը՝ նոր շունչ ու ոգի հաղորդելով հանրությանը:

Նախագծին մասնակցեցին 70 հայ պրոֆեսիոնալ երաժիշտներ 20 երկրներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am