Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Հայաստանի օրենսդրությունն օտարերկրյա ներդրումներ խրախուսող է. Արա Զոհրաբյան


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և օտարերկրացի փաստաբանները Երևանում կայացած համաժողովի ընթացքում քննարկեցին Հայաստանում և արտերկրում գործարարության իրավական պաշտպանության մեխանիզմները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկման ժամանակ բանախոսները ներկայացրեցին Հայաստանում ներդրումներ կատարելուն, ինչպես նաև արտերկրում ներդրողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործարարներին առնչվող թեմաները:

Հայաստանի փաստաբանների միության նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ օտարերկրյա ներդրողների համար փաստաբանը շատ կարևոր գործընկեր է, քանի որ այդ ոլորտում բազմաթիվ իրավական հարցեր են ծագում: Այդ համատեքստում նա կարևորեց ներդրողների համար փաստաբանների կանխարգելիչ խորհրդատվության տրամադրումը:

«Համաշխարհային բանկի կողմից ներդրումների դյուրությունը գնահատող հարցման արդյունքում 189 պետությունների շարքում Հայաստանը 35-րդն է: Մենք ունենք օտարերկրյա ներդրումները խրախուսող գործող օրենսդրություն, ինչպես նաև այժմ նախատեսված է և շրջանառության մեջ է դրված օտարերկրյա ներդրումների մասին նախագիծ: Կարծում եմ այդքանով բարենպաստ միջավայր է ստեղծվում օտարերկրյա ներդրումների համար: Սակայն ցանկացած պետության համար, տնտեսությունը զարգացնելու ամենակարևոր նախապայմաններից մեկը ներդրումների իրավական պաշտպանությունն է: Դրա համար փաստաբանների պալատը շահագրգիռ է, քանի որ փաստաբաններն իրենք են նպաստելու, որպեսզի ներդրողները պաշտպանված լինեն` ոչ միայն հարցը դատարան հասնելու ժամանակ, այլ նաև կանխարգելիչ գործողությունների համար»,- ասաց Զոհրաբյանը:

«Մենեջմենթ Միքս» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանի խոսքով` իրենց ընկերությունը զբաղվում է ներդրումների ռազմավարական խորհրդատվության տրամադրմամբ: Այն հիմնադրվել է 1969 թվականի Ֆրանսիայում, ներկայումս գործունեություն է ծավալում նաև Հայաստանում: Ընկերության համար երկու կարևոր ուղղություններ կան` կառավարման համակարգերի համար միջազգային մենեջմենթի մեխանիզմների ներդրում և Հայաստանում ներդրողների ներգրավում:

«Հայաստանն օտարերկրյա ներդրողների համար ամենագայթակղիչ տարրերից մեկն աշխատուժն է: Եթե համեմատենք օտարերկրյա աշխատուժի հետ, ապա այստեղ այն բավականին բարձր է: Մարդիկ տրամադրված են աշխատելու: Մյուս տարրերից են աշխատուժի ծախսը, անշարժ գույքի մատչելի գները: Եթե համեմատելու լինենք եվրոպական երկրների հետ, ապա Հայաստանի հարկային դաշտը բավականին լավ վիճակում է: Իրավական դաշտի համար հարկավոր են բարելավումներ, նոր մեթոդներ, դատարանները պետք է ավելի կատարելագործվեն: Այդ դեպքում միջազգային ներդրողներն ավելի վստահ կզգան իրենց և հեշտ կլինի ներդրումներ կատարելու համար»,- ասաց Սեմերջյանը:

Ֆրանսիայի փաստաբանական համայնքների ազգային խորհրդի անդամ Ալեն Մարտերն, անդրադառնալով փաստաբանների կողմից ու նրանց համար ստեղծված ֆրանսիական «Կարպա» համակարգին, որն արդեն 10 տարի է ներդրվել է նաև Հայաստանում, նշեց, որ այն բավականին հաջողված գործիք է փաստաբանների համար:

 «Փաստաբանն ամեն անգամ որոշակի գումարի հոսքերի առնչվելու դեպքում, պետք է դա իրականացնի «Կարպա» կառույցի գումարային հաշիվներով։ Դա պաշտպանվածություն է հաղորդում փաստաբաններին ու նրանց վստահորդներին։ «Կարպա» համակարգը փաստաբանների փոխարեն որոշակի պարտավորություններ է ստանձնում` պետական մարմինների հետ հարաբերությունների ժամանակ, և արդյունքում՝ գումարային հոսքեր են ապահովում փաստաբանական համայնքի համար»,- ասաց նա` հավելելով, որ այդ համակարգի շնորհիվ փաստաբանները հնարավորություններ են ստանում` առավելագույնս հեշտ ընթացակարգով իրականացնել ստանձնած պարտավորությունները:

Փարիզի փաստաբանների միության անդամ Սևակ Թորոսյանի խոսքով՝ Հայաստանի համար ամենագլխավոր խնդիրը Հայաստանից փողերի դուրսբերումն է։

«Համաշխարհային բիզնեսի մոտ 9 տոկոսում կա կոռուպցիա, որը լուրջ խնդիր է նաև Հայաստանի համար», -նշեց Թորոսյանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ