Ադրբեջանն ինտենսիվ կրակ է վարել շփման գծի հարավարևելյան և արևելյան հատվածներում
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ԱՀ ՊՆ հայտարարության մեջ նշվում է. «Մարտի 29-ին և լույս 30-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց: Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ինտենսիվ կրակ է վարել շփման գծի հարավարևելյան և արևելյան հատվածներում՝ արձակելով 86 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում