Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արարատ Զուրաբյանը ողջունելի է համարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության համաձայնագրի նախաստորագրումը

Արարատ Զուրաբյանը ողջունելի է համարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության 
համաձայնագրի նախաստորագրումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց Համազգային շարժում» կուսակցության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Արարատ Զուրաբյանը ողջունում է Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության շրջանակային համաձայնագրի նախաստորագրումը: Մարտի 24-ին «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» խորագրով քննարկման ժամանակ Արարատ Զուրաբյանն ընդգծեց, որ շատ ողջունելի է, որ Եվրոպական Միության մոտեցումներում գոնե վերջին տարիներին որոշակի փոփոխություններ են նկատվում:

«Ես գոնե դա այդպես եմ գնահատում, որովհետև մինչև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հարցը դրված էր այսպես` կամ-կամ: Հայկական կողմն էլ մշտապես նշում էր, որ և-և-ի կողմնակից է, որովհետև, հավանաբար, զգում էր հնարավոր վտանգները: Ես կարծում եմ, որ այն, որ նախաստորագրվել է այդ համաձայնագիրը, դրանով Հայաստանին հնարավորություն է տրված Եվրոպական Միության հետ խորացնել և զարգացնել հարաբերությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Զուրաբյանը:

Անդրադառնալով հնչող մտահոգություններին, թե ԵՄ-ի հետ նոր համագործակցության համաձայնագրում բացակայում է տնտեսական բաղադրիչը` արարատ Զուրաբյանը վստահություն հայտնեց, որ այն պահին, երբ Հայաստանի «Երազ» գործարանը «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենա կարտադրի, դա առանց որևէ խոչընդոտի կհայտնվի եվրոպական շուկայում: «Այսինքն, շատ բան կախված է մեր տնտեսության զարգացումից»,- նշեց Զուրաբյանը:

Նա համոզվածություն հայտնեց, որ որոշ ժամանակ անց Եվրոպական Միությունը և Եվրասիական տնտեսական միությունը կգտնեն միմյանց միջև առկա հակասությունները   հարթելու բանալին: Նրա խոսքով` հակառակ պարագայում Ռուսաստանը լուրջ կորուստներ կունենա և շատ վայրերում ազդեցությունը կկորցնի:

Արարատ Զուրաբյանը նաև հավելեց, որ «Ծառուկյան» դաշինքը կողմնակից է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ համագործակցությունը խորացնելուն և զարգացնելուն: «Դաշինքը գտնում է, որ Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորությունները, ինչը կնպաստի երկրի տնտեսության առաջընթացին»,- եզրափակեց Զուրաբյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am