Խաչքար-հուշակոթող՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմի նահատակների
11:04, 22 Մարտ 2017
ԱՐՏԱՇԱՏ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ առաքելական եկեղեցու բակում շուտով իր տեղը կունենա 3 մ 3 սմ բարձրությամբ խաչքար-հուշակոթողը՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմի նահատակների: Խաչքար-հուշակոթողը հեղինակած ճարտարապետ-քանդակագործները մարզաբնակ հայր եւ որդի Ռաֆիկ եւ Լեւոն Խաչատրյաններն են: Խաչքարի վրա փորագրված են Աստվածաշնչյան հետեւյալ տողերը. «Հիշատակ արդարոց օրհնությամբ եղիցի»:
Խաչքար-հուշակոթողի բացման արարողությունը տեղի կունենա մարտի 29-ին: Խաչքարի մեկենասն է Աբրահամյան ընտանիքը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լեւոն Խաչատրյանը նշեց, որ այս խաչքարը մի յուրօրինակ հուշակոթող կդառնա հայրենասեր նահատակների համար, իսկ վայրը, որտեղ տեղադրված է խաչքարը՝ յուրօրինակ ուխտատեղի: «Մենք մեր յուրաքանչյուր խաչքար յուրահատուկ սիրով ենք կերտում, այնքան ջերմություն ու սեր է ներդրվում աշխատանքը կատարելիս, որ խաչքարերը մի տեսակ հարազատանում ու մտերմանում են մեզ: Թեեւ դժվար է նրանցից ամեն անգամ բաժանվելը, բայց գիտակցելով, թե ինչ նպատակի են ծառայում՝ մեզ համար փոքր- ինչ մխիթարական է դառնում»,- ընդգծեց կրտսեր Խաչատրյանը:
Հեղինակների անձեռակերտ թվացող խաչքարերը մեծ պահանջարկ ունեն արտերկրում. դրանք հանգրվանել են Կանադայում, Լիբանանում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Չիկագոյում, Սլովակիայում, այլուր: Իսկ հայրենիքում 60 հուշակոթող- խաչքարերի տակ հանգչում են արցախյան գոյամարտի նահատակները:
Լիլիթ Մաճկալյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում