Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արցախը նրա համար աշխարհի ամենահանգիստ ու գեղեցիկ վայրն էր. Մասիսն ապրիլին կամավոր էր մեկնել մարտի

Արցախը նրա համար աշխարհի ամենահանգիստ ու գեղեցիկ վայրն էր. Մասիսն ապրիլին  
կամավոր էր մեկնել մարտի

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր կամավոր ռազմաճակատ մեկնած ու ապրիլյան պատերազմում նահատակված Մասիս Թովմասյանի ծննդյան օրն է:

«Հանգիստ էր, միշտ կանգնած ընտանիքի ու ընկերների կողքին»,-ասում է Մասիսի կինը՝ Էլվիրան, ում մտքում 12 տարվա համատեղ կյանքից մնացել են շատ լուսավոր հիշողություններ. թե ինչպես էր Մասիսն իր շուրջ հավաքում ընկերներին ու սկսում երգել, ինչքան էր սիրում ժամանակ անցկացնել ու խաղալ երեխաների՝ 10-ամյա Էդվինի եւ 8-ամյա Էլենի հետ… 

Ապրիլի 2-ն էր. Էլվիրան հիշում է՝ ամուսինը ոչինչ չէր ուզում ասել Արցախում տիրող իրավիճակի մասին, բայց լավ գիտեր՝ ինչ է կատարվում:

«Մասիսն աշխատանքից տուն եկավ, տղաս ասաց՝  էդ ու՞ր ես գնում, կռի՞վ, թուրքին սպանե՞ս: Ասացի՝սուս մնա, ի՞նչ կռիվ, ամեն ինչ նորմալ է: Մեզ չէր ուզում ասել էդ մասին, որ չվախենանք: Հիշում եմ՝ վերջին անգամ նստեցինք սեղանի շուրջ, հետո ասաց՝ գնամ, տեսնեմ՝ ինչ են խոսում, ինչ կա: Մի փոքր ժամանակ անցավ,  զանգեց, ասաց, որ գնում է ճակատ»: -«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Մասիսի կինը: Նա ասում է, որ Մասիսը շատ էր սիրում հայրենի Արցախը. նրա համար այն ամենահանգիստ ու գեղեցիկ վայրն էր աշխարհում. «Մեծացել ու ապրել ենք Ստեփանակերտում: Ամեն ինչն էր այնտեղ սիրում»:

Էլվիրան արդեն 10 տարի է՝ աշխատում է Ստեփանակերտի հիվանդանոցներից մեկում որպես բուժքույր. հիմա, երբ միայնակ է ապրում երեխաների հետ, հիվանդանոցում հերթապահելը մի փոքր դժվար է դարձել: Ասում է՝ նյութական խնդիրներ կան, բայց դրանք այնքան երկրորդական են. Էլվիրան մտածում է երեխաների մասին, ովքեր ամեն օր Մասիսից են խոսում:

«Հատկապես աղջիկս շատ էր կապված հոր հետ, մինչեւ հիմա սպասում է ու ասում, որ գիտի՝ հայրը գործից տուն է վերադառնալու: Չգիտեմ՝ էս ամեն ինչը ինձ հիշեցրեց 90-ականները: Երկրորդ անգամ անցա այդ ամենի միջով, երկրորդը թեպետ կարճ էր, բայց ինձ համար այսպես եղավ: Հիշում եմ՝ երրորդ դասարանում էի, երբ կռիվը սկսվեց, մեզ ազատեցին դասերից ու ասացին՝ գնացեք տուն, այդ ժամանակ շատ բան չէի էլ հասկանում. այս անգամ էլ ապրիլի 2-ին երեխաներս եկան, ասացին՝ մամ, կռիվ է»: 

Սյուզի Մուրադյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am