Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է ԶՈՒ-ում ծխախոտի հատկացման կարգը

Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է ԶՈՒ-ում ծխախոտի հատկացման կարգը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում ծխախոտի հատկացումը հանելու կապակցությամբ պարզաբանմամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.

«Զինվորին ծխախոտ տալու և չտալու թեմայով քննարկումների առնչությամբ պարզաբանենք, որ 2008թ. շարքային ժամկետային կազմին ծխախոտ չի հատկացվում, դրա փոխարեն հատկացվում է համապատասխան գումար, ինչպես նաև քաղցրավենիք մարտական դիրքերում: Նոր օրինագիծը, որը առաջ է քաշել ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, վերաբերվում է պայմանագրային զինծառայողներին: Նրանց օրեկան 20 հատիկ ծխախոտի և համապատասխան լուցկու փոխարեն կհատկացվի համապատասխան գումար: Դա նախ և առաջ առողջ ապրելակերպին է ուղղված, հետո նա կարող է ինքը տնօրինել իր գումարը, իսկ եթե այնուամենայնիվ պիտի ծխի, ապա կծխի իր ուզած ծխախոտը»,- գրել է նա:

ՀՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 23-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի հոկտեմբերի 12-ին վավերացված 2003 թվականի մայիսի 21-ին Ժնևում ընդունված «Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներից (որին միացել են շուրջ 153 պետություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներից: Հաշվի է առնվում նաև վերջին տարիներին ՀՀ զինված ուժերում ծխելու դեմ պայքարին ուղղված համալիր միջոցառումները, այդ թվում` ՀՀ ՊՆ-ում «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագիրը, որոնց գլխավոր առարկան զինծառայողների առողջության պահպանումն է:

Նախագիծը ներկայացնելու է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am