ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի խոսքով` երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի վերացումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ վիզային ռեժիմի վերացումը կնպաստի երկու երկրների միջեւ զբոսաշրջության, առեւտրի եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ջասիմ Մուհամմադ ԱԼ Քասեմին:
Նրա խոսքով` 2015 թվականին Հայաստանում բացված Էմիրությունների դեսպանատունն էլ ավելի նպաստեց երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: «Այժմ կան կազմակերպություններ, որոնք Հայաստանում աշխատում են առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտում, եւ առկա է ոչ անմիջական ներդրում էլեկտրաէներգետիկայի ոլորտում»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ այնպես, ինչպես Հայաստանի քաղաքացիներն են ողջունում էմիրատցիներին Հայաստանում, այնպես էլ վերջիններս ուրախ կլինեն հայերին տեսնել իրենց երկրում:
Հայաստանի կառավարությունը հունվարի 19-ի նիստում հավանություն է տվել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը։ «Այս նախագծի նպատակն է զարգացնել թե՛ տուրիզմը, թե՛ գործարար համագործակցությունը»,- նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: ԱՄԷ մուտքի զբոսաշրջային այցագիրն արժե 96 ԱՄՆ դոլար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում