Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանը չի բացառել Ծառուկյանի հետ դաշինք կազմելու հավանականությունը

Սեյրան Օհանյանը չի բացառել Ծառուկյանի հետ դաշինք կազմելու հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի բացառում Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ դաշինք կազմելու եղանակով մասնակցելու հնարավորությունը: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումներ եղել են, որոնց ընթացքում քննարկվել են առաջիկա նպատակները: «Հիմա յուրաքանչյուրը հավաքում է համախոհների իր թիմը, որպեսզի տեսնենք հետագայում ինչ կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Օհանյանը` ընդգծելով, որ չի բացառում Ծառուկյանի հետ դաշինք կազմելու հնարավորությունը:

Անդրադառնալով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելու դրդապատճառներին` Սեյրան Օհանյանն ասաց, որ նոր կառավարության կազմում չի ընդգրկվել և, Սահմանադրությամբ իրեն ընձեռած հնարավորությունն օգտագործելով, որոշում է կայացրել մասնակցել ընտրություններին և նոր մշակույթ բերող կառավարման նոր համակարգի ձևավորմանը:  «Մենք, ինչպես իմ տարբեր հայտարարությունների մեջ ասել եմ,  գնում ենք հանունի` հանուն գաղափարի,  հանուն մեր երկրի զարգացման: Այդ զարգացման հիմքում պետք է լինի բոլոր հնարավորությունների ստեղծումը, որպեսզի նաև  անվտանգության հարցերն ամուր հիմքերի վրա լինեն: Մենք տեսնում ենք, որ մեր բանակը կայացած կառույց է և զարգանում է: Այսօր էլ կարող եմ մեծ ուրախությամբ ասել, որ բանակը նոր ղեկավարության ջանքերի շնորհիվ առաջ է գնում: Սակայն բանակի թիկունքը պետք է ամուր լինի, իսկ թիկունքը ամրացնելու համար մենք պետք է զարգացնենք մեր տնտեսությունը: Այս նպատակները իրականացնելու համար ենք մենք մասնակցելու ընտրություններին»,- ընդգծեց Սեյրան  Օհանյանը:

Նա նաև հավելեց, որ կառավարման համակարգում բավականին լուրջ խնդիրներ կան, որոնք    պետք է միասնաբար լուծվեն: Նրա խոսքով պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի քաղաքացիներն ազատ մասնակցեն ընտրություններին և ընտրեն կառավարման այն համակարգը, որը երկիրը կտանի զարգացման ճանապարհով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am