Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Փետրվար

Սպասվող լրահոս. 27.01.2017


ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հունվարի 28-ին նշվում է Հայկական բանակի 25-ամյակը: Այսօր` հունվարի 27-ին, սպասվող լրահոսը լինելու է այդ շնչով: Բանակի օրվան ընդառաջ լրագրողների հետ կհանդիպի ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա կներկայացնի բանակում իրականացվող բարեփոխումները:

Օրվա ընթացքում բանակի թեման կշարունակեն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պլանավորման և վերլուծության բաժնի պետ, գնդապետ Արմենակ Վարդանյանը, պահեստազորի փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը: Նրանք կանդրադառնան հայկական բանակի անցած ուղուն, ձեռբերումներին, սահմանային իրավիճակին։

Հայոց բանակի 25-ամյակին նվիրված միջոցառումներ է նախատեսում Սփյուռքի նախարարությունը: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ առավոտյան կայցելեն Եռաբլուր և ծաղիկներ կդնեն արցախյան պատերազմին զոհ գնացած սփյուռքահայ ազատամարտիկների շիրիմներին: Այունհետև Սփյուռքի նախարարությունում տեղի կունենա Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այսօր տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի 2017թ. անդրանիկ նիստը: Հասարակական խորհրդի նիստին կներկայացվեն զեկուցումներ վերաբերելու են ՀՀ սփյուռքի նախարարության 2017 թվականի աշխատանքային ծրագրին, «Սփյուռք» բաժնի գերակա խնդիրներին և գործունեությանը: Կներկայացվեն 2017 թվականի «Մեր մեծերը» ծրագրի մանրամասները:

Մեկ հարկի տակ կհավաքվեն հայ և իրանցի գործարարները: Երևանում նախատեսված է հայ-իրանական գործարար հանդիպում: Իրանական կողմից մասնակցելու են Իրանի «Արազ» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին, Իրանի խորհրդարանի հայ պատգամավորներ, այլ պաշտոնական այրեր, իսկ հայկական կողմից՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, հանրահայտ ընկերությունների ղեկավարներ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը կներկայացնի հանրակրթության, մշակույթի և սպորտի, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում Երևանի քաղաքապետարանի ծրագրերով 2016 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը: Նա կանդրադառնա նաև 2017 թվականի ծրագրերին:

Մայրաքաղաքում առատ ձյան տեղումներով, ինչպես նաև առաջիկա օրերին անհանգստացնող եղանակային կանխատեսումներով պայմանավորված՝ Երևան քաղաքի Կոմունալ ծառայության վարչության պետ Հրայր Անտոնյանը, Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը, ինչպես նաև «Սանիթեք» ընկերության գործառնական ղեկավար Արգիշտի Տիգրանյանը հանդես կգան համատեղ ճեպազրույցով: Թեման է` բնակչության անվտանգ տեղաշարժի կազմակերպման և ձնամաքրման համար ձեռնարկվող արտահերթ միջոցառումներ:

Քաղաքական օրակարգից: Այսօր կայանալու է Հայաստանի դեմոկրատական կուսակցության հերթական՝ VIII-րդ համագումարը:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա Հայաստանում առաջին գյուղական համայնքի՝ Ախուրյանի վիզուալ բյուջեի՝ www.akhuryanbudget.am կայքի շնորհանդեսը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն համայնքի բյուջետային հետազոտության զեկույցը և նորաստեղծ կայքի հնարավորությունները:

Գրողների միությունում կանցկացվի Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխություն:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ