Երևանյան բեսթսելեր 4/45. «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքն ամենավաճառվածների ցանկում առաջատարն է
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը: Գիրքը պատմություն է փոփոխության մասին: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Էդգար Հարությունյանի «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ, Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը երրորդ հորիզոնականում է: Գրքում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը մի քանի միավորով վեր է բարձրացել՝ հայտնվելով չորրորդ տեղում: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է, որն աշխարհի ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել է 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։
Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոս» վեպը: Այն հինգերորդն է: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:
Մեծանուն ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ» ժողովածուն, որում տեղ են գտել անվանի գրողի մի շարք հայտնի ստեղծագործություններ, այս շաբաթ վեցերորդ տեղում է:
Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքը կրկին մեր ցանկում է: Այն յոթերորդն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի թերեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:
Ութերորդ հորիզոնականում նոր գիրք է: «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության» խորագրով գրքում զետեղվել են Հայաստանի անկախության շրջանի 52 բանաստեղծի 52 բանաստեղծություն:
Ցանկ է վերադարձել և իններորդ հորիզոնականը զբաղեցրել «Կեցության անտանելի թեթևություն» ստեղծագործությունը, որը Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Այն սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրացման դժվարությանը:
Ամենավաճառվածների տասնյակը եզրափակում է Դեն Բրաունի «Ինֆեռնո»-ն: Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը... Վեպում անդադար փախուստ է և որոնում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանթե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն: Եվ դա՝ ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ որպես գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):
Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | +4 |
Սպենսեր Ջոնսոն «Ու՞ր է իմ պանիրը» |
Էդիթ պրինտ | 13 | |
2 | +5 |
Էդգար Հարությունյան «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 12 | |
3 | 0 |
Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ» |
Բուկինիստ | 11 | |
4 | +4 |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ պրինտ | 9 | |
5 | * |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» |
Բուկինիստ | 7 | |
6 | * |
Ֆյոդոր Դոստոևսկի «Պատմվածքներ» |
Բուկինիստ | 6 | |
7 | * |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Բուկինիստ | 5 | |
8 | Նոր | «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության» | Զանգակ | 5 | |
9 | * |
Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» |
Անտարես | 4 | |
10 | * |
Բրաուն «Ինֆեռնո» |
Զանգակ | 4 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում