Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բազմաթիվ հարկատուներ ոչ համարժեք են ընկալել մեղմ վարչարարությունը և թույլ են տվել խախտումներ. ՀՀ վարչապետ

Բազմաթիվ հարկատուներ ոչ համարժեք են ընկալել մեղմ վարչարարությունը և թույլ են 
տվել խախտումներ. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծաթիվ հարկ վճարողներ ոչ համարժեք են ընկալել ու մեկնաբանել սեպտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՊԵԿ-ին ուղղված հանձնարարականը, որով պետք էր ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ փոքր ու միջին ձեռնարկություններին անդրադառնալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

«ՊԵԿ-ն ահազանգում է, որ մեծաթիվ հարկ վճարողներ ոչ համարժեք են ընկալել ու մեկնաբանել մեր այս հանձնարարականը, մասնավորապես, առկա են հետևյալ բացասական երևույթները՝ իրացման շրջանառությունների և գների, աշխատողների թվաքանակի ու վարձատրությունների չափերի թերհայտարարագրում,առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարում, ծախսերի ուռճացում, ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստում ասաց վարչապետը՝ հարկ համարելով պարզաբանել, որ, այսպես կոչված, մեղմ վարչարարությունը կարող է և պետք է վերաբերվի բացառապես օրինապահ հարկ վճարողներին, իսկ հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում պետք է կանխվի:

«Այս կապակցությամբ ՊԵԿ-ին հանձնարարում եմ հսկողություն սահմանել վերը նշված երևույթների նկատմամբ՝ կիրառելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը, և յուրաքանչյուր եռամսյակ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը՝ արձանագրված խախտումների վերաբերյալ», - ասաց վարչապետը՝ հանձնարարելով պարբերաբար հրապարակել ինչպես օրինապահ, այնպես էլ խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները:

«Այն հարկ վճարողներին, որոնք ՊԵԿ-ին առցանց հասանելի կդարձնեն իրենց հաշվապահական հաշվառման համակարգերը և կամավոր կուղղեն ՊԵԿ-ի կողմից արձանագրված անճշտությունները, չներառել տարեկան ստուգումների ծրագրում», - ընդգծեց գործադիրի ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am