Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Լարիսա Ալավերդյանն Ադրբեջանի վայրագությունները քողարկող է որակում ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը

Լարիսա Ալավերդյանն Ադրբեջանի վայրագությունները քողարկող է որակում ՄԽ 
համանախագահների վերջին հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը միայն կոգևորի Ադրբեջանին վայրագ գործողությունները շարունակելու համար: Հունվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը: «Այդպիսի հայտարարությունները միայն քողարկում են այն վայրագությունները, որ իրականացնում է Ադրբեջանը և չեն կարող նպաստել խաղաղության հաստատմանը: Այդպիսի հայտարարությունն անուղղակի մասնակցություն է Ադրբեջանի վայրագություններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ալավերդյանը:

Նա հավելեց, որ այստեղ խնդիրը միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեջ չէ: «Հայկական դիվանագիտությունը ևս պետք է շատ խորքային աշխատանք տանի` ներգրավելով նաև սփյուռքի հայկական կառույցներն ու կազմակերպությունները: Հարկավոր է ակտիվացնել աշխատանքները դիվանագիտական ուղղությամբ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նրա գնահատմամբ` տարօրինակ է այն հանգամանքը, որ ՄԽ համանախագահներն իրենց վերջին հայտարարության մեջ Հայաստանին կոչ են անում մարդասիրական քայլ անել և հետ տալ ադրբեջանցի դիվերսանտի դիակն այն դեպքում, երբ ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների իրականացրած վայրագ գործողություններին ոչ մի գնահատական չտրվեց, նրանց մարդասիրության կոչեր չուղղվեցին: «Այսպես ստացվում է, որ նրանք միայն մի կողմից են հումանիզմի դրսևորում ակնկալում: Ի՞նչ է ստացվում, որ նրանք Ադրբեջանից հումանիզմ չեն ակնկալում»,- եզրափակեց Ալավերդյանը:

ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: Հայկական կողմից զոհվել է երեք զինծառայող:

Դիվերսիոն անհաջող փորձից 12 օր հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, թե Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի առնչությամբ, որի հետևանքով գրանցվեցին մահվան դեպքեր: Համանախագահները Հայաստանին կոչ են արել մարդասիրական քայլ դրսևորել և վերադարձնել Հայաստանի տարածքում զոհված ադրբեջանցի դիվերսանտի դին: Նրանք հորդորում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խստորեն պահպանել 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ընթացքում ստանձնած համաձայնությունը, այդ թվում և հնարավորինս կարճ ժամկետում ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմների ստեղծման պարտավորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am