Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թևան Պողոսյանը ձևական և անատամ է որակում ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը

Թևան Պողոսյանը ձևական և անատամ է որակում ՄԽ համանախագահների վերջին 
հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հերթական անատամ հայտարարությունն էր, որը թույլ է տալիս Ադրբեջանին շարունակել տարածաշրջանում իրավիճակը լարելու իր քաղաքականությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը: «Մի կողմից կարող ենք հասկանալ, որ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից երկուսը փոխել են համանախագահներին և ռոտացիոն խնդիր կա, սակայն նրանք պետք է գիտակցեն, որ Մինսկի խմբի աշխատանքները և դերը պետք է գնահատվեն ըստ արժանվույն, ինչը չի արվում: Նրանք հղում են անում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, սակայն շատ լավ գիտեն, թե որ կողմն է խուսափում այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց և ալարում են մեկ տողով նշել այդ մասին»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով` Մինսկի խմբի համանախագահները պետք է առաջին հերթին  կենտրոնանային այն հանգամանքի վրա, որ հարձակումն այս անգամ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա, ոչ թե հայկական կողմից պահանջեին վերադարձնել Հայաստանի տարածքում մնացած ադրբեջանցի դիվերսանտի դիակը: «Ադրբեջանը պահանջում է իր դիվերսանտի դիակը, սակայն այդ երկիրը նախ պետք է բացատրություն տա, թե ինչպես է այդ դիակը հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում և միայն դրանից հետո իրավունք կունենա պահանջելու դիակը»,- ընդգծեց Պողոսյանը:

Պատգամավորն այն կարծիքին է, որ նման հերթապահ հայտարարություններ տարածելով` Մինսկի խումբը ինքն իր պատվի հետ է խաղում: «Մենք գնահատում ենք այն աշխատանքը, որ Մինսկի խմբի համանախագահները կատարել են մայիսին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, սակայն նրանք պետք է պահանջատեր լինեն, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Նրանք շատ լավ գիտեն, թե որ կողմն է մերժում ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ պայմանավորվածությունները: Եվ լավ կլինի, որ նրանք Ադրբեջանին ստիպեն հավատարիմ մնալ այն պայմանավորվածություններին, որոնք իրենց իսկ ջանքերով ձեռք են բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ»,- հավելեց Թևան Պողոսյանը:

Եզրափակելով խոսքը` պատգամավորը ցավով նշեց, որ Մինսկի խմբի վերջին հայտարարությունն ուղղակի ձևական բնույթ ունի և նպաստում է տարածաշրջանում լարվածություն առաջացնելու Ադրբեջանի քաղաքականության շարունակականությանը:

ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: Հայկական կողմից զոհվել է երեք զինծառայող:

Դիվերսիոն անհաջող փորձից 12 օր հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, թե Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի առնչությամբ, որի հետևանքով գրանցվեցին մահվան դեպքեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am