Երևանյան բեսթսելեր 4/42. Ամենավաճառվածների ցանկում նոր գիրք է ընդգրկվել
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է լուսանկարիչ Էդգար Հարությունյանի՝ «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն:
Երկրորդ հորիզոնականում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:
«Հուլունքախաղը» Հերման Հեսսեի վերջին մեծ վեպն է: Այն երրորդն է մեր ցանկում: Գիրքը ոչ միայն եզրափակում, այլև ամփոփում է գրողի անցած ճանապարհը՝ անդրադարձնելով նրա հոգեմտավոր որոնումների հարուստ պատմությունը՝ նոր ռոմատիկական փորձերից մինչև հասուն մոդեռնիստական ստեղծագործությունները:
Ամենավաճառվածների ցուցակ է վերադարձել Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը՝ հայտնվելով չորրորդ տեղում: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:
Հինգերորդ հորիզոնականում ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանի «Ախպարները» վեպն է: «Ախպարները» հեղինակի առաջին ստեղծագործությունն է, որտեղ ներկայացվում է Եղեռնից փրկված ընտանիքի պատմություն` Հունաստանում, ապա Խորհրդային Հայաստանում: Այն հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից և արժանացել գրականագետների բարձր գնահատականին:
Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը կրկին մեր ցանկում է: Այն վեցերորդն է: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:
«Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը կտրուկ զիջել է իր դիրքերը և այս շաբաթ յոթերորդն է: Գիրքը պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսում, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխությանը, յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ»–ն ամփոփող ժողովածուն ութերորդ հորիզոնականում է:
Իններորդ տեղում Լևոն Շահնուրի «Ճանապարհորդություն. Սիրուց առաջ» վեպն է: Գրքում կյանքի ու մահվան նշաններն են: Հեղինակը կիրառել է բազմաթիվ ոճեր, ճարտարապետական և մաթեմատիկական պատկերներ, սյուժեն փոփոխական է, ընթացքը հաճախ հեղինակի համար էլ անակնկալ: Գրվածքն ինչ-որ տեղ անհայտ ուժինն է` քնած Ադամինը, վերջինս աչքի տակով թաքուն նայում է կնոջ մարմնին, որն արտասվելիս ամբողջովին մերկ էր ու կտոր-կտոր քարտեզագրվում էր ննջող մարմինը:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը եզրափակում է մեր ցանկը: Սա Ուայլդի միակ հրատարակված վեպն է, որն աշխարհի ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում։
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):
Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | +7 |
Էդգար Հարությունյան «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 26 | |
2 | +2 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 21 | |
3 | Նոր |
Հերման Հեսսե «Հուլունքախաղ» |
Անտարես | 15 | |
4 | * |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Էդիթ պրինտ | 10 | |
5 | -3 |
Նարեկ Գալստյան «Ախպարները» |
Անտարես | 8 | |
6 | * |
Ջորջ Օրուել «Անասնաֆերմա» |
Անտարես | 8 | |
7 | -6 |
Սպենսեր Ջոնսոն «Ու՞ր է իմ պանիրը» |
Էդիթ պրինտ | 7 | |
8 | * |
Ֆյոդոր Դոստոևսկի «Պատմվածքներ» |
Բուկինիստ | 7 | |
9 | -3 |
Լևոն Շահնուր «Ճանապարհորդություն սիրուց առաջ» |
Անտարես | 6 | |
10 | -3 |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ պրինտ | 6 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում