Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Մայիս

Գրագետ հաշվապահությունը ՓՄՁ ոլորտի և ողջ տնտեսության զարգացման կարևորագույն նախապայմաններից է

Գրագետ հաշվապահությունը ՓՄՁ ոլորտի և ողջ տնտեսության զարգացման կարևորագույն 
նախապայմաններից է

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հիմնադրման օրից իր առջև դրել է խնդիր աջակցել հաշվապահների մասնագիտական և պետություն-հաշվապահների համայնք երկխոսության կայացմանն ու զարգացմանը: Այս մասին հայտարարեց հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Համբարձումյանը դեկտեմբերի 17-ին ՀԿ-ի 2-րդ համաժողովի ժամանակ` ներկայացնելով ասոցիացիայի երկու տարվա և հետագա գործունեության հիմնական ուղղությունները:

«Մասնագիտական աջակցության համար մենք մշակել են շատ լուրջ ուղեցույցներ` հաշվապահի գործառույթներ, համակարգչային ծրագրերով աշխատելու, օրենսդրական ռիսկերը կառավարելու և հիշեցումների համակարգեր: Մասնագիտական ռեսուրսների հետ կապված կան որոշակի խնդիրներ, որը փորձում ենք շտկել հաշվապահներին տալով որակավորման աստիճաններ: Պետություն և հաշվապահների համայնք երկխոսության մեջ կուզենամ առանձնացնել այն հիմնական հարթակները, որոնք ստեղծվել են ֆինանսների նախարարությունում և ՊԵԿ-ում: Այդ հարթակների միջոցով մենք խոսքը հասցնում ենք պետական մարմիններին: Բացի այդ, գալիք երկու տարվա համար մենք ունենք շատ լուրջ նախագծեր այս ուղղություններով խորանալու և նախորդ երկու տարիների բացթողումներն ու թերությունները վերանայելու ավելի խորը մոտեցումներով մեր ասոցիացիայի գործունեությունն իրականացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց ՀԿ-ի նախագահը` լիագոհ լինելով, որ իրենց կառույցը չդասվեց այն հասարակական կազմակերպությունների շարքին, որոնք մնացին ֆորմալ մակարդակի վրա:

Վահագն Համբարձումյանի ներկայացմամբ, 200-ից ավելի մասնագետներ մարզերից եկել են մասնակցելու միջոցառմանը:

Համաժողովի ընթացքում ասոցիացիայի հիմնադիր անդամ Հակոբ Թովմասյանը ներկայացրեց ՀԿ-ի գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի փոխտնօրեն Կարեն Գևորգյանը, շնորհավորելով համաժողովի մասնակիցներին, կարևորեց ՓՄՁ սուբյեկտների հաշվապահական հաշվառման թափանցիկ լինելը: «Գրագետ հաշվապահությունը ՓՄՁ ոլորտի և հետևաբար ամբողջ տնտեսության զարգացման կարևորագույն  նախապայմաններից է»,- ասաց Գևորգյանը:

Ասոցիացիայի դերն ու նշանակությունը գործատուների կյանքում ներկայացրեց ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` նշելով, որ հաշվապահներն այն օղակն են ներկայացնում, որը կարևոր է գործատուի համար: «Այդ տեսանկյունից շատ գնահատում եմ հանգամանքը, որ տեսնում եմ երիտասարդ հաշվապահների: Մեր կարևոր խնդիրներից մեկը երիտասարդության զբաղվածության ապահովումն է»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը:

«Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշպանության» ՀԿ նախագահ Արմեն Եսոյանը խոսեց հարկ վճարողների շահերի պաշտպանության գործընթացում ասոցիացիայի նշանակության մասին: Նա նշեց, որ ներկայումս մեծ թիվ են կազմում հարկ վճարողները, որոնց պաշտպանության և աշխատանքը հեշտացնելու համար կարևոր է հաշվապահների մասնագիտական գործունեությունը: «Հաշվապահների աշխատանքն արտացոլվում է հարկ վճարողների շահերի պաշտպանության առաջին օղակում: Դուք եք կազմակերպում հարկերի հաշվարկման, դրանց վճարման հետ կապված նրանց ուղղորդելու գործողությունները»,- ընդգծեց Արմեն Եսոյանը:  

Վահե Հակոբյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ