Տավուշում կայացել է բուժքույրերի գիտաժողով
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի բուժքույրերի միավորում», «Հայաստանի լյարդաբանների ասոցացիա» հասարակական կազմակերպությունների և ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի նախաձեռնությամբ ու ՀՀ Տավուշի մարզպետարանի աջակցությամբ կայացել է մարզի բուժքույրերի առաջին գիտաժողովը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
«Հայաստանի բուժքույրերի միավորում» ՀԿ նախագահ Գեղանուշ Ստեփանյանն նշել է, որ աշխարհում առողջապահությունը զարգանում է մեծ արագությամբ, ինչը պահանջում է մասնագիտական ունակությունների համարժեք կատարելագործում: Նա տեղեկացրել է, որ բուժքույրերի գիտելիքների, մասնագիտական կարողությունների բարձրացման, վերապատրաստման հարցերը մշտապես միավորման ուշադրության կենտրոնում են:
Միջոցառմանը մասնակցել է 200 բուժքույր: ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելա Աբովյանը, կարևորելով միջին բուժանձնակազմի դերը և մասնակցությունը ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործին, ներկայացրել է ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջազգային սկզբունքները, մասնավորապես` վարակի հսկողության թափոնների անվտանգ գործածության, մասնագիտական մոտեցումների վերաբերյալ թեմաները:
Առանձնահատուկ շեշտվել են նաև արյան միջոցով փոխանցվող վիրուսային հեպատիտների կանխարգելման, հիվանդության վաղ հայտնաբերման հարցերը: Այս թեմայի շուրջ, աշխարհում ու Հայաստանում վիրուսային հեպատիտների վիճակագրական տվյալների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան, լյարդաբանների ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:
Գիտաժողովի ավարտին որոշում է կայացվել ստեղծել «Հայաստանի բուժքույրերի միավորում» ՀԿ-ի Տավուշի մարզի մասնաճյուղ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում