Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՊՀ ուսանողները ստացել են ծրագրավորման ամենահեղինակավոր միջազգային օլիմպիադայի եզրափակիչի ուղեգիր

ԵՊՀ ուսանողները ստացել են ծրագրավորման ամենահեղինակավոր միջազգային 
օլիմպիադայի 
եզրափակիչի ուղեգիր

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ ծրագրավորող ուսանողները նվաճել են «ACM-ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի ուղեգիր: «ACM-ICPC» օլիմպիադայի կիսաեզրափակիչը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-4-ը Թբիլիսիում: Հայաստանյան բուհերից օլիմպիադային մասնակցում էին ԵՊՀ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը: ԵՊՀ-ն ներկայացել էր 3 թիմով: Պայքարն ընթանում էր 226 թիմերի միջև, որոնք ներկայացնում էին նախկին խորհրդային երկրների լավագույն բուհերը: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, անկախության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ծրագրավորող ուսանողները կարողացել են նվաճել այս հեղինակավոր օլիմպիադիայի եզրափակիչ փուլի ուղեգիրը:

«Ուսանողական ծրագրավորման օլիմպիադաներում ամենահեղինակավորը «ACM-ICPC»-ն է: Մենք ընդգրկվել ենք այս գործընթացում 2000 թվականից: Սա շատ բարդ մրցույթ է, միմյանց հետ մրցում են աշխարհի բոլոր մայրցամաքների համալսարանները: Աշխարհի 2 700 համալսարաններից կիսաեզրափակիչ է անցել 128-ը, և մենք արդեն այդ 128-ի մեջ ենք»,-ասաց Վահրամ Դումանյանը:

Աշխարհում հայտնի այս մրցույթի կազմակերպիչը ԱՄՆ-ն է: Մրցույթը նախ տեղի է ունենում տարածաշրջանային մակարդակով: ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանի խոսքով՝ Հայաստանն ընդգրկված է հյուսիսարևելյան եվրոպական տարածաշրջանի մեջ՝ ՌԴ-ի, Հարավային Կովկասի և հետխորհրդային մի շարք երկրների հետ:

«Թիմն այս արդյունքին հասնելու համար 4 տարի աշխատել է: Անցած տարի էլ բավական ուժեղ էին, արժանի եզրափակիչ դուրս գալու, բայց դա կախված էր մի շարք գործոններից: Տրամաբանության բոլոր կանոններով սա պետք է լիներ, որովհետև տղաներն այնքան ջանք են գործադրել, այնքան աշխատանք է արվել: Բավական ուժեղ է այս տարածաշրջանը, մենք դուրս ենք եկել եզրափակիչ ուժեղ մրցակցային տարածաշրջանից»,- ասաց թիմի մարզիչ, ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը: Նրա խոսքով, այս թիմը եզրափակիչ է դուրս եկել համոզիչ կերպով, ավելին, հաջողվել է բարդագույն խնդիրներից մեկը լուծել: Արմեն Անդրեասյանը նշեց, որ թիմն ուժեղ ներուժ ունի, գնում է եզրափակիչ բարձր տեղեր զբաղեցնելու համար:

 Եզրափակիչ փուլ անցել են առաջին 17 տեղերը զբաղեցրած թիմերը, որոնց մեջ 12-րդ հորիզոնականում հայտնվել է Մայր բուհի թիմը՝ իրենից հետ թողնելով նաև Մոսկվայի պետական համալսարանի թիմին: ԵՊՀ թիմի կազմում են Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Ալբերտ Սահակյանը, Հրայր Հարությունյանը և Տիգրան Մամիկոնյանը:  

Ալբերտ Սահակյանի խոսքով, թիմը մեծ ջանք է գործադրել` պարբերաբար պարապելով և պատահական չէ բարդ խնդիրների լուծումը:

«Բարդ խնդիրներ ունենալու տեսանկյունից մենք բավական հմուտ ենք: Այս տարի բացառիկ հաջող անցավ մեր մասնակցությունը և հաջողություններ ենք ակնկալում եզրափակչում»,-ասաց Ալբերտ Սահակյանը:

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Հրայր Հարությունյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է ուժեղ թիմերի մասնակցությունը: Եվ այդ ուժեղ մրցակցային դաշտում իր հաջողություններն է գրանցում ԵՊՀ-ի թիմը:

«Տարեցտարի և' մրցակցությունն է բարդանում, և' թիմերին առաջարկվող խնդիրները: Մրցակցությունը հաշվի առնելով` ընտրեցինք այնպիսի մարտավարություն, որ մեր հաղթանակը վստահ լիներ: Եվ դա մեզ հաջողվեց»,-ավելացրեց Հրայր Հարությունյանը:

Եզրափակչում ԵՊՀ-ի թիմը մրցելու է աշխարհի ուժեղագույն համալսարանների հետ՝ Չինաստանից, Կորեայից, ԱՄՆ-ից և այլն, բայց այդ ուժեղ մրցակցությունը բնավ տղաներին չի վախեցնում: Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Տիգրան Մամիկոնյանի խոսքով, իրենք ջանասիրաբար շարունակելու են պատրաստվել` լուրջ հաջողությունների հասնելու համար:

«Նախորդ տարիներին ևս մասնակցություն ունեցել ենք, այս տարի առավել հանգիստ էինք, արդեն փորձ ունեինք: Եզրափակչում մենք մրցելու ենք լավագույն համալսարանների հետ: Առաջին 12 տեղ զբաղեցնողներին մեդալներ են շնորհվելու, մենք ձգտելու ենք լավագույն տեղեր զբաղեցնել»,-ասաց Տիգրան Մամիկոնյանը:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2017 թվականի մայիսին ԱՄՆ-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am