Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Իմ հպարտ ուխտագնացությունը դեպի հայրենիք». Արցախի մասին Քրիս Բոհջալյանի հոդվածը New York Times-ում

«Իմ հպարտ ուխտագնացությունը դեպի հայրենիք». Արցախի մասին Քրիս Բոհջալյանի հոդվածը 
New York Times-ում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հեղինակ Քրիս Բոհջալյանը, ով 2016 թվականին այցելել էր Լեռնային Ղարաբաղ, այցի վերաբերյալ ուշագրավ հոդված է պատրաստել New York Times-ի համար վերնագրելով այն այսպես` «Իմ հպարտ ուխտագնացությունը դեպի հայրենիք»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բոհջալյանը հոդվածը սկսում է Թալիշից, որը նրան հիշեցնում է 100 տարի առաջ Առաջին աշխարհամարտի Արևմտյան ճակատը: «Սեպտեմբերի առաջին օրը 32-ամյա հրամանատար Գեղամ Գրիգորյանը կանգնեց ինձ հետ և ցույց տվեց հյուսիս-արևելքը` Ադրբեջանի կողմը և ականապատ դաշտերն ու բուֆերային գոտին, որն առավելագույնը մեկ մղոն հեռավորության վրա էր: «Եթե ցանկանում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի»,- ասաց նա` թոթովելով ուսերը»,- պատմում է Բոհջալյանը` ներկայացնելով, թե ինչպես ավելի վաղ` ապրիլի 2-ին, Ադրբեջանը հարձակվեց արևելյան սահմանի վրա` 1994 թվականից հետո արձանագրելով հրադադարի ռեժիմի ամենալայնածավալ խախտումը: «Այստեղ`Թալիշում, 400 բնակչություն ունեցող գյուղն այնպես արկակոծվեց, որ այսօր այն լքված է, բնակիչները վերաբնակեցվել են երկրի այլ հատվածներում: Հրամանատար Գրիգորյանը, ով երկու աղջիկների հայր է, թեև միջազգային հարաբերություններում գիտական աստիճան ունի, սակայն հավատում է, որ Լեռնային Ղարաբաղը նրա կարիքն ունի ռազմական գործում»,- նշում է Բոհջալյանը:

Նա ընդգծում է, որ շատ քիչ ամերիկացիներ կարող են քարտեզի վրա գտնել Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը: «Ես գնացի այնտեղ այս ամառ նույն այն պատճառով, որի համար վերադառնում եմ Հայաստան ամեն տարի: Այս երկիրն իմ արյունն է, և իմ այցելություններն ուխտագնացություն են: Ես ամերիկահայ եմ, սակայն միայն միջին տարիքում հասկացա, թե ինչ ձգողականություն ունի այս երկիրն ինձ համար»,- անկեղծանում է հեղինակը:

Նա փաստում է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գիծը ռազմավարական նշանակություն ունի, և այն թեժ կետերից է, որոնք կարող են ապակայունացնել Կովկասը: Բոհջալյանը պատմում է, որ ապրիլյան մարտերի օրերին զոհվեցին հարյուրավոր զինվորներ, մարտերի մեջ ներքաշվեցին տանկեր, հրետանի, անօդաչու սարքեր: «Թալիշում ադրբեջանցի զինվորները սպանեցին և խեղեցին տարեց հայ զույգի, գլխատեցին գերի ընկած հայ զինվորին, ինչը պատճառ դարձավ, որպեսզի ԱՄՆ ներկայացուցիչ, Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ գործիչ Բրեդ Շերմանը կոչ անի սկսել հետաքննություն Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության իրականցման վերաբերյալ: Թեպետ հայերը քրիստոնյաներ են, իսկ ադրբեջանցիները` մուսուլման, սակայն խնդիրը առնչություն չունի կրոնի հետ: Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղն իրենն է` հղում անելով տարածքային ամբողջականության սկզբունքին: Լեռնային Ղարաբաղն էլ պնդում է, որ կարող է գոյություն ունենալ անկախ` հաշվի առնելով ազգերի ինքնորոշման իրավունքը: Կան վերլուծաբաններ, որոնք նշում են, թե Լեռնային Ղարաբաղի հայերն օկուպանտ են: Ես համաձայն չեմ: Սակայն ես չեմ կանգնում Լեռնային Ղարաբաղի կողքին միայն իմ ԴՆԹ-ի պատճառով: Ես հավատացած եմ, որ պատմությունը հայերի կողմից է»,- նշում է Բոհջալյանը: Նա պատմում է, թե ինչպես 1988 թվականին ԼՂ հայ բնակչությունը, որը մեծամասնություն էր կազմում, քվեարկեց Ադրբեջանից անկախանալու օգտին:

Հեղինակը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային լայն ճանաչում չունի, թեպետ ԱՄՆ յոթ նահանգներ ընդունել են բանաձևեր, որոնք հորդորում են Միացյալ Նահանգների կառավարությանն աջակցել ԼՂ անկախությանը: «Հանրապետությունը 140 հազար բնակչություն ունեցող երիտասարդ ժողովրդավարություն է, որը բախվել է 9,5 միլիոն բնակչություն ունեցող, նավթային պաշարներով հարուստ բռնապետությանը: Նրա միակ դաշնակիցը Հայաստանն է»,- պատմում է Բոհջալյանը:

Նրա հետ զրույցում ԼՂ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը պատմել է, որ Ադրբեջանը հետևողականորեն ցույց է տվել Լեռնային Ղարաբաղը կառավարելու անկարողունակությունը: «Դա միայն ժողովրդի ինքնորոշման իրավունքը չէ: Դա այն ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, որը ոչնչացման վտանգի տակ է»,- նշել է Մելիքյանը:

Բոհջալյանը պատմում է, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել հարվածել բոլոր ուղևորափոխադրող ինքնաթիռներին, որոնք կթռչեն Ստեփանակերտի նոր օդանավակայան, որը դեռ բացված չէ: Ալիևն այն մարդն է, ով պարգևատրել է ադրբեջանցի սպային, որը Բուդապեշտում սպանել էր ՆԱՏՕ-ում առաքելություն իրականացնող հայ զինվորին` մինչ վերջինս քնած էր:  

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ ժամանակ անցկացնելուց հետո ինձ համար պարզ դարձավ, որ միակ ճանապարհը, որով այս ազգը կրկին կդառնա Ադրբեջանի մաս, դա Ադրբեջանի կողմից դրա գրավումը կլինի: Եվ թեպետ Ադրբեջանը զգալիորեն ավելի մեծ տարածք ունի, չեմ կարող պատկերացնել, որ դա երբևէ կարող է պատահել:  Հայերն այս հողերում դարեր շարունակ ապրել են շատ ավելի վաղ, քան ներառվեց Ադրբեջանի կազմում»,- նշում է հեղինակը:

Նա փաստում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կատաղի կերպով պաշտպանում է իր տունը:  «Փաստ է, որ Ադրբեջանի միակ հետաքրքրությունն այս կռվում իր հպարտությունն է: Ադրբեջանն է, որ ունի նավթ, Լեռնային Ղարաբաղն ունի մացառ և նուռ: Սակայն հայերի համար սա գոյատևելու պայքար է: Դա մեր հայրենիքի մի մասի պահպանումն է: Այո, Հայոց ցեղասպանության ժամանակ մենք էթնիկ զտվել ենք Վանից, Անատոլիայից և Կիլիկիայից, տեսականորեն ողջ Թուրքիայից` բացի Ստամբուլից: Մեր ցանկացած չորսից երեքը Առաջին աշխարհամարտի տարիներին համակարգված ոչնչացման է ենթարկվել: Հետևաբար Լեռնային Ղարաբաղը մեր գիծն է ավազի վրա: Սա է պատճառը, որ այս փոքր երկիրը միշտ ունի բավարար զինվորներ խրամատի համար»,- եզրափակել է Քրիս Բոհջալյանը:

Թարգմանեց Արաքս Կասյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am